«Ես համոզված եմ, որ այսպիսի թվեր ունի նաեւ իշխանությունը եւ սրանով են պայմանավորված այն հիստերիկ դրսեւորումները, որն ունենում է այսօրվա վարչապետը եւ նրա թիմի մյուս անդամները»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «Միասին» հասարակական-քաղաքական շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Ասուլիսում Արամ Սարգսյանը ներկայացրեց «Միասին» շարժման պատվերով իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է սոցցանցերում, դեկտեմբերի 1-10-ը, 500 անձանց շրջանում։ Հարցվածների մեջ ընդգրկված են տարիքային բոլոր խմբերը, հարցվածների գերակշիռ մասը բարձրագույն կրթություն ստացած մարդիկ են։ Հարցվածների 64,8 տոկոսը Երեւանից են, մնացյալը՝ տարբեր մարզերից։ 2026-ի հունվարի 10-ից հետո հարցումը կրկնվելու է՝ առավել ճշգրիտ պատկերի ակնկալիքով։
Ըստ հարցման արդյունքների, ՀՀ գործող իշխանության վարած արտաքին քաղաքականությունը «շատ բացասական» է գնահատել հարցվածների 75, 8 տոկոսը, «մասամբ բացասական»՝ 9,8 տոկոսը, «շատ դրական»՝ 1,2 տոկոսը, «մասամբ դրական»՝ 7,4 տոկոսը, չեն կողմնորոշվել՝ 5,7 տոկոսը։
Հանրային անվտանգությանը եւ իրավապահ համակարգին վերաբերվող իշխանության վարած քաղաքականությունը «շատ բացասական» է գնահատել հարցվածների 71,7 տոկոսը, «մասամբ բացասական»՝ 15,2 տոկոսը, «շատ դրական»՝ 0,8 տոկոսը, «մասամբ դրական»՝ 8,6 տոկոսը, չեն կողմնորոշվել՝ 3,7 տոկոսը։ 60,2 տոկոսը «շատ բացասական» են որակել առողջապահության, սոցիալական եւ կրթությանը վերաբերվող քաղաքականությունը։ Միայն 2,5 տոկոսն է «շատ դրական» գնահատել այն։
Տնտեսական ոլորտը՝ էկոնոմիկա եւ ֆինանսներ, «շատ բացասական» են գնահատել հարցվածների 62,3 տոկոսը, «շատ դրական»՝ 1,2 տոկոսը։ Արցախի հիմնահարցին, արցախցիների կեցության իրավիճակին Հայաստանում եւ արցախցիների վերադարձի իրավաքաղաքական հարցերի մասով իշխանության քաղաքականությունը «շատ բացասական» են գնահատել հարցվածների 75, 8 տոկոսը, «շատ դրական»՝ 5,3 տոկոսը։
9,8 տոկոսը հայտարարել է, որ չի մասնակցելու առաջիկա հերթական կամ արտահերթ ընտրություններին, 10,7 տոկոսը պատասխանել է, որ հիմնականում մասնակցելու է, միանշանակ մասնակցելու է՝ 52, 2 տոկոսը։ Այս ցուցանիշն Արամ Սարգսյանին հուշում է, որ հանրության շրջանում ձեւավորվել է ընտրություններին մասնակցության պատասխանատվությունը, որը հնարավոր կդարձնի ապագայի զարգացումների համար պատասխանատվությունը կրել։ Քաղաքական ուժերին եւ անհատներին վստահելուն վերաբերվող հարցի մասին 38 տոկոսը պատասխանել է, որ չեն կողմնորոշվել։ Սա, ըստ բանախոսի, փաստում է, որ այսօր քաղաքական ուժերը մեծագույն խնդիր ունեն՝ իրենց այլընտրանքային քաղաքականության մոտեցումները բացատրելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: