Հայաստանն ու Ադրբեջանն առաջընթաց են գրանցում, որը դեռ վերջերս անհավանական էր թվում. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն առաջընթաց են գրանցում, որը բոլորովին վերջերս անհավանական էր թվում։

Մասնավորապես, ադրբեջանական երկաթուղով սկսվել են ռուսական հացահատիկի առաքումները Հայաստան։

«Վերջերս տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն, մենք կարծում ենք, որ այն իսկապես նշանակալից է, քանի որ ունեցանք առաջին գնացքը, որը ռուսական հացահատիկի տարանցիկ փոխադրում էր իրականացնում Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ, և առաջին անգամ՝ Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից ի վեր, առաջին գնացքը հացահատիկ տեղափոխեց», — ասել է փոխվարչապետը։

Փոխվարչապետը նշել է, որ մշակվում է այդ տրանսպորտային միջանցքն այլ տեսակի բեռների, այդ թվում՝ հանքային պարարտանյութերի փոխադրման համար օգտագործելու հնարավորությունը։

Օվերչուկը հիշեցրել է, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքով շարժակազմ։ Զուգահեռաբար Մոսկվան և Երևանը քննարկում են հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ռուսաստան, Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրումների կազմակերպման հեռանկարը։

Նրա խոսքով՝ փոփոխություններն ակնհայտ են, որոնցում կարևոր դեր են խաղացել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-10-ին ձեռք բերված համաձայնությունները, երբ տարածաշրջանում պատերազմը գործնականում դադարեցվեց:

Ռոսիա 24-ի եթերում Ալեքսեյ Օվերչուկը նաև հայտնել է, որ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևելյան երթուղով բեռնափոխադրումները 2025 թվականին կհասնեն 2,5 միլիոն տոննայի:

Leave a Comment