«Կարծում եմ՝ 2026-ի ընտրությունները պակաս մրցակցային չեն լինի, քան 2021 թվականինն էին։ 2021 թվականի ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցության ամենամեծ թիվն է արձանագրվել։ Ենթադրում եմ, որ 2026-ին ավելի մեծ թվով քաղաքական ուժեր կմասնակցեն»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին, թե կանխատեսում ունե՞ն՝ քանի՞ ուժ կմասնակցի 2026-ի ԱԺ ընտրություններին։
Նա հիշեցրեց, որ 2021 թվականին 25 ուժ էր մասնակցել ընտրություններին, այդ թվում՝ 4 դաշինք։ «Ներկայումս շեմը 5 տոկոսից իջեցվել է 4 տոկոսի, եւ դաշինքների շեմը բարձրանում է։ Մինչեւ երեք կուսակցության դաշինքների անցողիկ շեմը լինելու է 8 տոկոս, 3-ից ավելի կուսակցությունների դաշինքի անցողիկ շեմը դառնալու է 10 տոկոս։ Ընտրական գրավը կուսակցությունների դեպքում 10 մլն-ից իջել է 7,5 մլն, իսկ դաշինքների դեպքում 15 մլն է։ Այս կարգավորումը ենթադրում է, որ կուսակցություններն ավելի շատ կնախընտրեն առանձին մասնակցել։ Լրահոսին հետեւելով՝ տեսնում եմ, որ առանձին դեպքերում կուսակցությունների միավորման լուրեր են հանդիպում։ Ենթադրում եմ՝ նաեւ այս կարգավորումներով է պայմանավորված, որովհետեւ քաղաքական ուժերն էլ են արդեն նոր իրողությունների շրջանակներում նախապատրաստվում»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: