Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել․ ծրագրում հնչել է Բեռլիոզի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Ռեքվիեմը»

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, դիրիժոր, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 97-ամյակին: 

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ համերգին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: 

Համերգային ծրագրում հնչել է Բեռլիոզի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Ռեքվիեմը»՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի և Օպերայի և բալետի ազգային թատրոնի կենդանի կատարմամբ։ 

Նախարար ժաննա Անդրեասյանը շնորհավորել է անվանի արվեստագետին՝ նշելով, որ մասետրոն հերթական անգամ հավաքել է բոլորին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ նշելու մշակութային սպասված իրադարձության վերածված ծննդյան օրը: «Սիրելի մաեստրո, Ձեր ներկայությունը մեր կյանքում շատ կարևոր և ուսանելի է․ այն սովորեցնում է սիրել և գնահատել կյանքը։ Ձեզնից սովորում ենք կենսասիրություն, համբերություն և աշխատասիրություն։ Ձեր կողքին որևէ մեկն իրավունք չունի տրնտջալ հոգնածությունից։ 

Արդեն մի քանի տարի շարունակ Ձեր ծննդյան օրը մեզ նվիրում եք բարձր արվեստը վայելելու հնարավորություն և Ձեր օրինակով ցույց եք տալիս, որ ցանկության դեպքում կարելի է անել ավելին։ Այս օրը նաև Ձեր արվեստի և գործի հանդեպ մեր երախտիքը հայտնելու օր է։ Ձեր ժամանակակիցը լինելը մեծ պատիվ է. շնորհակալ ենք, որ շարունակում եք ստեղծագործել»,- դիմելով մաեստրոյին՝ ասել է նախարարը՝ մաղթելով նրան առողջություն, հավատարիմ հանդիսատես ու նորանոր ստեղծագործական ներշնչումներ: 

Համերգն անցկացվել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Ավելի քան վեց տասնամյակ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ, աշխարհի տարբեր ծայրերում ներկայացնում է հայ երգն ու երաժշտությունը:

Leave a Comment