«Աջափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության երեւի ամենաբարդ նախագծերից մեկն է՝ հինգերորդ ռիսկայնության նախագիծ է, որի միայն պարզ փորձաքննությունը տեւել է 1 տարուց ավելի»,- Երեւանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, որ Երեւանի 2026 թվականի բյուջեով 2 մլրդ դրամ է հատկացվելու «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքներին։
Նա նշեց՝ քանի որ առաջին անգամ են նման մասշտաբի նախագիծ իրականացնում, որոշակի լրացուցիչ ժամանակ կարող է պահանջվել։
Այս տարվա բյուջեով եւս գումար էր հատկացվել «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրին։ Ավինյանն անդրադարձավ հարցին, թե որտե՞ղ են ուղղվել այդ գումարները։ «Քանի որ տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, այդ գումարների մի մասն ուղղվել է մեր 45 տրոլեյբուսների գնման համար։ Այսինքն՝ ոլորտային նույն ուղղությամբ է գնացել։ Եվ մենք հաջորդ տարի արդեն ապրիլ-մայիսին ունենալու ենք 45 նոր տրոլեյբուսներ՝ 12 մետրանոց։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչո՞ւ է հաջորդ տարի գումար հատկացվել, հետեւյալ տրամաբանությամբ ենք որոշել գնալ կառավարության հետ՝ առաջին հերթին երեք հիմնական գործ ունենք անելու։ Նախ` կառավարության առանձին որոշում պետք է կայացնենք մետրոպոլիտենի նախագծային, կառուցման մրցույթի հետ կապված՝ հատուկ պայմաններ ապահովելով, որովհետեւ իրականում ծավալը շատ մեծ է, եւ մեր ստանդարտ ընթացակարգով շատ բարդ կլինի կառավարելի դարձնել կառուցման գործընթացը»,- ասաց նա։
Ավինյանը նշեց, որ խոսքը մի նոր հանգույցի մասին է, որը Մետրոպոլիտենի ուղեւորափոխադրումների քանակն ավելացնելու է 22-25 տոկոսով։ «Իրականում ավելի լավ է, որ մենք մի փոքր ժամանակ ծախսենք էս նախագծման փուլում, տեխհսկողության ընտրության հարցում, ավելի պատրաստված լինենք, որ որակյալ աշխատանք ստանանք»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: