Դեկտեմբեր 23,2025 11:27
ՀԵՆԱՍՅՈՒՆ 2․ Տրանսպորտային հանգույցները պարզապես ճանապարհներ չեն, դրանք պետության ինքնիշխանության ազդարարներն են
Հայաստանը գտնվում է տարածաշրջանային հաղորդակցությունների խաչմերուկում, բայց իրականում ապրում է տրանսպորտային մեկուսացման պայմաններում։ Մեր արտաքին առևտրի ավելի քան 80%-ը կախված է մեկ հիմնական ուղուց։ Սա տնտեսական անհարմարություն չէ միայն, այլ՝ անվտանգային և քաղաքական խոցելիություն։
«Միասնության Թևեր»-ի մոտեցումը հիմնված է ոչ թե մեկ ճանապարհի, այլ մի ամբողջական համակարգի վրա։
«Հյուսիս–Հարավ» ավտոմայրուղին Հայաստանի հաղորդակցական ողնաշարն է։ Այն միացնում է Իրանին, Վրաստանին և Սև ծովին քաղաքականորեն հավասարակշռված, տնտեսական առումով մրցունակ և անվտանգային տեսանկյունից վերահսկելի ուղիով։
Սա պարզապես ճանապարհ չէ, սա լոգիստիկ հանգույցներ են, վերամշակող և արդյունաբերական գոտիներ, ինչպես նաև զարգացման նոր կենտրոններ՝ Սյունիքում, Արարատյան դաշտում, Լոռիում, Շիրակում։
Այս նախագծի ուշացումը նշանակում է մնալ կախված մեկ երթուղուց և դուրս մնալ տարածաշրջանային իրական հոսքերից։
«Հյուսիս–Հարավ» երկաթգիծը թանկ է և բարդ։ Այո։ Բայց ռազմավարական ենթակառուցվածքները միշտ էլ այդպիսին են։ Այսօր, երբ տարածաշրջանում փոխվում են բեռնահոսքերի ուղղությունները և ձևավորվում են նոր տնտեսական առանցքներ, երկաթուղին այլևս տեսական գաղափար չէ, այլ երկարաժամկետ ռազմավարական ռեզերվ, որը պետք է պահպանել, զարգացնել և ճիշտ պահին գործարկել։
Հայաստանի հաղորդակցական ապագան չի կարող կառուցվել արտատարածքային, միջանցքային և ինքնիշխանությունը սահմանափակող տրամաբանությամբ։
«Արևելք–Արևմուտք» հայեցակարգը ենթադրում է կապեր, որոնք
աշխատում են Հայաստանի ներսում ստեղծվող արժեքի համար։
Երբ այս ուղղությունները դիտվում են միասին, ձևավորվում է բազմուղի, ինքնիշխան և վերահսկելի հաղորդակցական ցանց։ Հայաստանը դառնում է ոչ թե անցնող ճանապարհ, այլ
կապ ստեղծող պետություն։
«Միասնության Թևեր»-ի տնտեսական քաղաքականության երկրորդ ՀԵՆԱՍՅՈՒՆԸ սա է․ տրանսպորտը պետք է ծառայի ոչ թե ուրիշների նախագծերին, այլ Հայաստանի տնտեսությանը, անվտանգությանը և զարգացմանը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: