Որքա՞ն է իրականում ստանում Թիկնիզյանը. ֆուտբոլիստը հստակ թվեր է հրապարակել

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը, ով նախկինում հանդես էր գալիս մոսկովյան «Լոկոմոտիվի» կազմում, բացահայտել է Ռուսաստանում և Սերբիայում իր ստացած եկամուտների հստակ չափը։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նաև պարզաբանել է, թե ինչու է համաձայնել ավելի ցածր աշխատավարձի՝ հանուն տրանսֆերի։

Հարցազրույցի ընթացքում Թիկնիզյանը հաստատել է, որ այժմ «Ցրվենա Զվեզդայում» նրա մաքուր եկամուտը կազմում է 600 հազար եվրո։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ «Լոկոմոտիվում» վարձատրությունն ավելի բարձր էր. այնտեղ ֆուտբոլիստը ստանում էր ամսական 5,5 միլիոն ռուբլի (տարեկան մոտ 750 հազար եվրո)։

Թիկնիզյանի խոսքով՝ իր որոշման գլխավոր դրդապատճառը սպորտային հավակնություններն են եղել.

«Ես սա բացատրում եմ Եվրոպայում խաղալու ցանկությամբ։ Աստված հնարավորություն է տալիս հանդես գալ եվրոպական ասպարեզում, լինել նման մեծ ակումբի հիմնական կազմի խաղացող։ Գումարի հարցը կարևոր է, երբ դու ընտանիքի տեր ես, հայր ես, բայց այս իրավիճակը նման է 5 տարի առաջվա պատմությանը, երբ ես վարձավճարով տեղափոխվեցի Կուրսկի «Ավանգարդ»։ Այն ժամանակ ևս ես գնացի հանուն ֆուտբոլի, և ի վերջո ֆուտբոլն ինձ փոխհատուցեց դրա համար»։

Ֆուտբոլիստը նշել է, որ իրեն լիովին հարմարավետ է զգում ներկայիս եկամուտներով և չի հասկանում մարդկանց, ովքեր անդադար ձգտում են ավելիին։ Նրա հիմնական նպատակները կապված են ընտանիքի բարեկեցության հետ.

Իր ստացած եկամուտներով ֆուտբոլիստը նախևառաջ ցանկանում է ապահովել երեխաների և ծնողների բնակարանային հարցերը. եթե հայրն արդեն ունի սեփական տուն, ապա մոր համար բնակարան գնելը նրա մոտակա պլանների մեջ է։ Նա նաև ձգտում է ունենալ սեփական տուն, մեքենա և կատարել այնպիսի ներդրումներ, որոնք բավարար կլինեն կայուն կյանք ունենալու համար։ Ըստ Թիկնիզյանի՝ այդ ամենն արդեն իսկ բավական է, որպեսզի մարդն իրեն հարմարավետ զգա և պարզապես վայելի կյանքը։

Leave a Comment