Նախորդիվ գրել ենք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների տան անդամներ Ֆրենկ Փելոնը եւ Գուս Բիլիրակիսը մուտքագրել են հայանպաստ օրինագիծ՝ «Հայաստանի հետ անվտանգային գործընկերության ակտ» անվանմամբ։
ԱՄՆ-ում օրենքների նախագծերի հանձնաժողովային քննարկումները կարող են ձգձգվել տարիներ, հետաձգվել կամ մերժվել։ Օրինագծերի մեծամասնությունը լիագումար նիստերի օրակարգ չի էլ հասնում։
Հայաստանում, որտեղ միակուսակցական մեծամասնությունը հիմնականում միատարր է, այս հանգամանքը կարող է զարմանալի թվալ։ Սակայն, ամերիկյան քաղաքական համակարգը կառուցելիս հիմնադիր հայրերը օրենքի ընդունման ճանապարհին խոչընդոտներ դիտավորությամբ են ներդրել։ Ամեն նախագիծ չէ, որ պետք է օրենք դառնա, համոզված էին նրանք։
Նույնական ուղին՝ երկու անգամ
Համառոտակի ներկայացնում ենք օրինագծերի քննարկման եւ ընդունման գործընթացն ԱՄՆ-ում, ինչը ավելի ընկալելի կդարձնի այն փաստը, որ որքան էլ ազնիվ մղումներով հայամետ գործիչները ջանան, գործնականում անիրատեսական է հայանպաստ օրենքի ընդունումը։
Նախ, օրինագիծ կարող են ներկայացնել թե՛ վերին պալատ Սենատի անդամները, թե՛ ստորին պալատ Ներկայացուցիչների տան անդամները։
Օրինագիծն այնուհետեւ մակագրվում է տվյալ պալատի համապատասխան գլխադասային հանձնաժողովին, որի անդամները ուսումնասիրում, քննարկում, վերլուծում են նախագիծը, փոփոխում, լրացնում այն։
Հանձնաժողովում հավանության արժանանալու դեպքում այն մտնում է լիագումար նիստերի օրակարգ։
Ընդունման դեպքում այն ուղարկվում է Կոնգրեսի մյուս պալատ։
Այստեղ համապատասխան գլխադասային հանձնաժողովը կրկին ուսումնասիրում է օրինագիծը։
Փոփոխությունների իրականացման դեպքում օրինագիծը կրկին քվեարկության է դրվում մյուս պալատում։
Հավանության արժանանալու պարագայում օրինագիծը լիագումար նիստերի օրակարգ է հասնում։
Սա դեռ ամենը չէ…
Երկրորդ պալատում դրական արդյունքի արժանանալը դեռ բավարար չէ, որպեսզի օրինագիծը օրենք դառնա։ Նախագահը 10-օրյա ժամկետում պետք է որոշի՝ ստորագրե՞լ եւ օրենքի ուժ տա՞լ նախագծին, թե՞ վետո կիրառել։
Վետո կիրառելու դեպքում Կոնգրեսի յուրաքանչյուր պալատի անդամների ընդհանուր թվի երկու երրորդը պետք է կրկին կողմ քվեարկի նախագծին՝ նախագահական վետոն հաղթահարելու համար։
Հիմնական փուլերը սրանք էին, սակայն ամեն փուլ ներառում է իր ենթափուլերը, որոնք լրացուցիչ բարդություն են հաղորդում ողջ ընթացքին։
Հայանպաստ օրինագծերը մնում են հանձնաժողովներում
Այսպիսով՝ Միացյալ Նահանգներում օրինագծից օրենք անցնելը երկարատեւ եւ խրթին ճանապարհ է ենթադրում։
Վերջին տարիներին Կոնգրեսում ներկայացվել են Հայաստանի համար աջակցություն նախատեսող տարատեսակ նախագծեր։ 2023 թվականին, օրինակ, Արցախում հայերի էթնիկ զտումից հետո, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը Սենատում ներկայացրել էր «Ադրբեջանի ագրեսիայի դեմ հայերին աջակցելու մասին» անունը կրող օրինագիծը։
Իրավական պարտադիր ուժ չկրող բանաձեւերի ընդունումը նույնպես դյուրին չէ։ Նախքան Ղարաբաղի հայաթափումը դեմոկրատ Ֆրենկ Փելոնն էլ Ներկայացուցիչների տանը ներկայացրել էր «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի շրջափակումը եւ մարդու իրավունքների շարունակական խախտումները դատապարտելու մասին» բանաձեւը։
Երկուսն էլ հանձնաժողովներից դուրս չեն եկել։
Օրինագծերը՝ հայկական հարցերը կենդանի պահելու միջոց
Կարեւոր է նկատել, որ սա օրինաչափություն է ներկայացվող օրինագծերի մեծամասնության համար: Պատճառը կարող է թե՛ բազմափուլ գործընթացը լինել, թե՛ երկպալատ համակարգը, թե՛ լոբբիստական ազդեցությունը։ Հունվարից գործող Կոնգրեսում 10,885 առաջադրված օրինագծերից հաջողությամբ օրենքի ուժ են ձեռք բերել առայժմ միայն 61-ը։
Դառնալով այժմ ներկայացվող «Հայաստանի հետ անվտանգային գործընկերության ակտ»-ին՝ եթե նույնիսկ նրա՝ օրենքի վերածվելու հնարավորությունները չնչին են, օրինագծի ներկայացումը հայկական շահերի քննարկման լսելի հարթակ է հատկացնում։
Սա, իր հերթին, կենդանի եւ օրակարգային է պահում հայկական հարցերը՝ ապօրինաբար պատանդառված մեր հայրենակիցների հայրենադարձումից եւ ՀՀ ինքնիշխան տարածքների դեօկուպացիայից մինչեւ արցախցիների վերադարձ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: