Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵԱՏԲԽ) նիստը, որի արդյունքներով ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ, ներառյալ՝ Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Նեղ կազմով նիստին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ինչպես նաև ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը: Ընդլայնված կազմով աշխատանքներին միացել են Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Ռուսաստանում Իրանի և Կուբայի դեսպաններ Քազեմ Ջալալին և Էնրիկե Օրտա Գոնսալեսը. հնչել է նաև Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսի տեսաուղերձը: Ինդոնեզիայից նիստին մասնակցել է առևտրի նախարար Բուդի Սանտոսոն:
Ընդունված որոշումների թվում են՝ ԵԱՏՄ 2026 թվականի բյուջեն, 2026-2027 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուենիշները, 2026 թվականի միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում զբոսաշրջության զարգացման հայեցակարգը:
Բացի այդ, մասնակիցները հաստատել են «Եվրասիական տնտեսական ուղի»՝ մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում ինտեգրացիոն գործընթացների զարգացման մասին հռչակագրի իրականացման «ճանապարհային քարտեզը», ինչպես նաև հավանություն են տվել Ուզբեկստանի հետ մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին տեղեկատվության փոխանակման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկին: