«Ադրբեջանին ԱՄՆ աջակցությունը կպարգեւատրի եւ կխրախուսի Ալիեւի ռեժիմի կողմից հետագա ագրեսիան»․ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ

«Հայաստանի հետ անվտանգային գործընկերության ակտ»-ը տրամաբանական մոտեցում է նախատեսում՝ ադրբեջանական ագրեսիան հսկելու եւ Հայաստանի հետ Ամերիկայի գործընկերությունն ամրապնդելու համար»,- հայտարարել է Հայ դատի ԱՄՆ գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ մեկնաբանելով Միացյալ Նահանգների Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փելոնի եւ Գուս Բիլիրակիսի կողմից մուտքագրված «Հայաստանի հետ անվտանգային գործընկերության ակտ» անունը կրող օրինագիծը։ 

Ադրբեջանամետ գործողություններ նույնպես ընթանում են

Դեկտեմբերի 9-ին Ֆլորիդայի 13-րդ ընտրատարածքը ներկայացնող հանրապետական Աննա Պաուլինա Լունան «Ադրբեջանին օժանդակության տրամադրման արգելքները վերացնելու մասին» օրինագիծն էր ներկայացրել Կոնգրես։

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահը կասեցրել էր Ազատության աջակցության ակտի՝ Ադրբեջանին օժանդակության տրամադրման սահմանափակման մասին 907-րդ բաժնի կասեցումը։ Դոնալդ Թրամփի վարչախումբը հենց օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում ՀՀ-ԱՄՆ-Ադրբեջան խաղաղության գագաթնաժողովի օրն էր Ադրբեջանի կառավարությանը օժանդակության սահմանափակումների շրջանցման համար կանաչ լույս վառող փաստաթուղթը ստորագրել։ 

«Պետք է դադարեցնել Ադրբեջանին քաջալերելը»

«Երկկուսակցական օրենսդրությունը ԱՄՆ քաղաքականությունը հանուն խաղաղության կոնկրետ քայլերի շրջանակ է նախատեսում։ Դրանք են՝ հայ գերիների ազատ արձակումը, հայկական օկուպացված հողերից ադրբեջանական զինուժի դուրսբերումը եւ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը», – ասել է Համբարյանը և շարունակել. «Պետք է դադարեցնել Ադրբեջանին քաջալերելը՝ շարունակական թշնամանքի, Արցախի ցեղասպանությունը նորմալացնելու եւ միջազգային իրավունքի շարունակական խախտումների համար։ Պետք է սկսել հաշվետվողականության կանչել Ալիեւի ռեժիմին՝ իր հանցագործությունների համար»։

Գերիներ, պատանդներ, ոչնչացվող եկեղեցիներ, գերեզմանատներ, կոթողներ

Հայ դատի ամերիկյան գրասենյակից ընդգծում են 907-րդ բաժնի կարեւորությունը։ Պնդում են՝ ռազմական աջակցությունը եւ հարկատուների գումարների հատկացումը ալիեւյան ցեղասպան ռեժիմին պետք է բացառվեն։ Հանձնախմբից սա շեշտում են նաեւ կոնգրեսական Լունայի ադրբեջանամետ օրինագծի շրջանառման համատեքստում։

Հանձնախումբը հայտնում է․ «Ադրբեջանին ԱՄՆ աջակցությունը կպարգեւատրի եւ կխրախուսի Ալիեւի ռեժիմի կողմից հետագա ագրեսիան։ Ադրբեջանը շրջափակում եւ ռազմական հարձակում իրագործեց՝ բռնի տեղահանելով Արցախի ողջ բնակչությանը: Ապօրինաբար Բաքվում բանտարկված է պահում ավելի քան 80 ռազմագերիների, պատանդների եւ Արցախի նախկին ղեկավարների, գործուն կերպով ներգրավվում է օկուպացված Արցախով մեկ հայկական եկեղեցիների, գերեզմանատների եւ մշակութային կոթողների ոչնչացմանը եւ հրաժարվում է ճանաչել Հայաստանի ինքնիշխանությունը՝ խախտելով իր սահմանները»։

Համատեքստ

Կոնգրեսի հայամետ գործիչները, հայկական լոբբիստական կազմակերպությունների սատարմամբ, տեւական ժամանակ է՝ փորձում են նպաստել հայկական շահերի առաջմղմանը։ Ուշադրության կենտրոնում են հատկապես արցախահայերի վերադարձը, ապօրինաբար Բաքվում պահվող մեր պատանդների հայրենադարձումը եւ Հայաստանի անվտանգության ապահովումը։

Չնայած լավագույն ջանքերին, գործադիր իշխանության հետ հակադրությունները եւ օրենսդիրում առկա ընթացակարգային խոչընդոտները լրացուցիչ բարդություններ են ստեղծում՝ նշված ուղղություններով Հայաստանին գործնականապես օժանդակելու համար։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment