Արդյո՞ք գիտեն՝ որ ուղղությամբ է համագործակցել. օգո՞ւտ է բերել, թե՞ վնաս. Սերժ Սարգսյանը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ КГБ գործակալ լինելու մասին

Ես այդպիսի տվյալներ չունեմ, այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել, ո՛չ ԱԱԾ ղեկավար եղած ժամանակ, ո՛չ նախագահ եղած ժամանակ, ես երբեք այդպիսի հարցերով չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ԱԱԾ-ի հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով իշխանական մամուլում տեղ գտած հրապարակմանը, թե Վեհափառ Հայրապետի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը КГБ գործակալ է եղել։

«Չեմ հետաքրքրվել, թե ով է համագործակցում ԱԱԾ-ի հետ, առավել ևս՝ ով է համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի կամ այլ հատուկ ծառայությունների հետ։ Ես դրա իմաստը չեմ տեսնում։ Լավ, ենթադրենք որևէ մեկը համագործակցել է ԽՍՀՄ հատուկ ծառայությունների հետ։ Բայց նրանք, ովքեր դա շատ մեծ բացասական բան են համարում, արդյո՞ք գիտեն, թե որ ուղղությամբ է համագործակցել, իսկ եթե համագործակցել է կոնկրետ հետախուզության ուղղությամբ, այդ մարդը այդ երկրին, այդ ԽՍՀՄ-ին, որի կազմում նաև Հայաստանն էր, օգո՞ւտ է բերել, թե՞ վնաս է բերել»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Նա ասաց, թե այդպիսի տվյալներ հրապարակելուց առաջ անհրաժեշտ է հասարակությանը ծանոթացնել շատ նրբերանգների։

«Եթե դա չի լինում, ուրեմն դա ոչ այնքան լեգիտիմ նպատակ է հետապնդում»,-ասաց Սարգսյանը։

Leave a Comment