«Վեհափառ հայրապետն իր առաքելության մեջ ամուր եւ հաստատուն է, եւ բնականաբար Մայր Աթոռի բնականոն գործունեության առումով որեւէ բան փոխված չէ, Մայր Աթոռն ի դեմս Վեհափառ Հայրապետի միաբանության՝ շարունակում է իր գործունեությունը, առաքելությունը:
Երեկվա դեպքերի հետ կապված էլ, պարզապես ցավալի է այն իրողությունը, որ կարող ենք այսպիսի փաստի անդրադառնալ, բայց ամեն դեպքում մենք գիտենք եւ վստահ ենք, որ մեր ժողովուրդը, մեր հավատացյալ հայորդիները եկեղեցու կողքին են, իբրեւ հավատացյալներ ամուր են կանգնած՝ իրենց հոգեւոր զգացումների եւ ապրումների մեջ: Բնականաբար, մեր ժողովրդի համար եկեղեցին կարեւոր արժեք եւ հոգեւոր կառույց է, որը միշտ պետք է պահպանել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը:
Ինչ վերաբերվում է 10 եպիսկոպոսների՝ քարտուղարություն փոխանցած նամակին եւ գործողություններին, տեր Եսային այսպես արձագանքեց. «Նամակի բովանդակությանը ծանոթ չեմ, բայց կարող եմ ենթադրել, թե այն ինչպիսին պետք է լինի: Եթե նամակին արձագանք լինի, մենք պատշաճորեն կծանուցենք: Իսկ ինչ վերաբերվում է Մայր Աթոռում աղոթքին, Մայր տաճարի դռները բոլորի համար բաց են, եւ ցանկացած պահի որեւէ մեկը կարող է գալ եւ իր աղոթքը բարձրացնել մեզ հետ միասին»:
Տեր Եսային ընդգծեց, որ Մայր Աթոռը շարունակում է կանոնականության սահմաններում եւ իր գործունեությունը եւ զգաստության կոչերը հնչեցնելը եւս այդ համատեքստում է:
Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների փոփոխությանն էլ անդրադարձ եղավ: «Գերագույն հոգեւոր խորհրդի կազմից դուրս են եկել Աբրահամ սրբազանը, Գեւորգ Սրբազանը եւ Վազգեն Սրբազանը: Նրանց փոխարինելու են Մակար սրբազանը՝ Սյունիքի թեմից, Վիրահայոց թեմից՝ Կիրակոս սրբազանը…Պարզապես ուզում եմ նշել, որ Գերագույն հոգեւոր խորհրդի հոգեւորական անդամներն ընտրվում կամ նշանակվում են՝ կախված աշխարհագրական դիրքից, աշխարհամասից եւ տվյալ թեմի առաջնորդ լինելու հանգամանքից:
Այսինքն՝ ըստ կարեւորության են ընտրվում թեմերի առաջնորդները, եթե նախկինում Վիրահայոց թեմի առաջնորդը Վազգեն Սրբազանն էր եւ այդ կարգավիճակով Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ էր, ու հիմա Կիրակոս Սրբազանն իրեն փոխարինեց, ուրեմն ինքնաբերաբար իրավունքի ուժով հաջորդ՝ թեմի առաջնորդը Գերագույն խորհրդում նախորդի տեղն է զբաղեցնում, ինչպես դա եղավ Ֆրանսիայի Հայոց թեմի պարագային, ԱՄՆ Արեւելյան, Արեւմտյան Հայոց թեմերի պարագային եւ նման բոլոր դեպքերում»,-ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավարը:
Ինչ վերաբերվում է Տեր Վրթանեսին, Տեր Եսային ասաց, որ նա բժիշկների հսկողության ներքո է, վիճակը կայուն է, գիտակցությունը՝ տեղը, սպասում են, որ անցնի 72-ժամյա ճգնաժամային վիճակը:
Արցախի թեմի առաջնորդի մասին էլ խոսվեց: Տեր Եսային ասաց, որ Վեհափառը Արցախի թեմի առաջնորդին հեռացնելու նամակ չի ստացել, բայց տեղյակ է բովանդակությանը՝ լրատվամիջոցներից. «Սրբազանների պարագային նրանց նկատմամբ կիրառվող պատիժների կամ պաշտոններից հեռացման առումով, եթե որոշում լինի, կծանուցեն, այս պահին բոլորս ակնկալում ենք, որ ամեն ինչ կլուծվի եկեղեցու միասնականությունը եւ խաղաղությունը պահպանելով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: