Լեգենդար մեթոդն այլևս հայերենով հասանելի է մեր ջութակահարներին. «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունից մինչև «Ջութակ նվագելու արվեստը» համերգը

Առաջին անգամ հայկական կատարողական արվեստի պատմության մեջ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ և շրջադարձային «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը: Այն ջութակահարների կրթությանը վերաբերող հիմնարար դասագիրք է, որը պատասխանում է գործիքին տիրապետելու բացառապես բոլոր հարցերին՝ առաջարկելով տեխնիկայի զարգացման համակարգված մոտեցում՝ ձայնի արտաբերումից, մինչև մատների և աղեղի ճկունությունն ու հոգեբանական պատրաստվածությունը։ Առաջին անգամ հրատարակվելով 1923թ.-ին՝ այն մնում է ջութակահարների կրթության անկյունաքարը և մինչ այժմ լայնորեն կիրառվում է աշխարհի երաժշտական ուսումնական հաստատություններում: Նախագծի հովանավորների որոշմամբ՝ «Ջութակ նվագելու արվեստը» ձեռնարկի հայերեն թարգմանված տարբերակն անվճար կտրամադրվի Հայաստանի կոնսերվատորիային, երաժշտական քոլեջներին և դպրոցներին: «Ջութակ նվագելու արվեստը» աշխատության նոր հրատարակությունը խմբագրել են Մաքսիմիլիան Սիմոնը և Նադին Կոնտինին։

Aravot.am-ը այս առիթով խոսք խնդրեց մեկ-երկու ճանաչված անուններից:

Գրքի թարգմանիչ ու գլխավոր խմբագիր, ջութակահար, Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանի փոխանցմամբ. «Հանրահայտ ջութակահար և մանկավարժ Կարլ Ֆլեշը, լինելով իր ժամանակի մի շարք անվանի ջութակահարների ուսուցիչ, այս գրքում համակարգել է իր տասնամյակների փորձն ու երաժշտական-մանկավարժական գիտելիքները։ Երկու ծավալուն հատորներից բաղկացած բնօրինակը, Մաքսիմիլիան Սիմոնի և Նադին Կոնտինիի խմբագրած տարբերակով (2020), ժամանակակից ջութակահարին ներկայացվում է ավելի արդիական և մատչելի լեզվով»:

Հայերեն հրատարակությունը իրականացվել է Բեռլինի Ries & Erler հրատարակչության հետ կնքված լիցենզային պայմանագրով, իսկ նախագիծը՝ Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամի կողմից՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ​​ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) հետ համատեղ՝ «Ամարյան» բարեգործական հիմնադրամի, Apricot Capital-ի և Balchug Capital-ի աջակցությամբ։

Այս համապարփակ ուղեցույցը պատկերացում է տալիս Ֆլեշի ջութակին տիրապետելու մոտեցման մասին՝ շեշտը դնելով տեխնիկական վարպետության, երաժշտականության և գործիքի խորը ըմբռնման վրա: Հեղինակի սկզբունքների ըմբռնումն կարող է զգալի կերպով բարելավել, թե կատարելագործվող մասնագետի, թե ուսանողի կատարողական մակարդակը:

Ջութակահար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանը թարգմանության առիթով ասաց. «Ջութակին տիրապետելու այս ուղեցույցը, որը ճանաչված է ամբողջ աշխարհում և հասանելի է բազմաթիվ լեզուներով վերջապես հրատարակվել է նաև հայերեն: Դա հիանալի նվեր է երաժիշտների, ուսանողների և դասախոսների համար։ Հայերեն տարբերակից մեծ օգուտ կքաղեն և՛ նրանք, ովքեր երկար ժամանակ օգտվել են անգլերեն և գերմաներեն հրատարակություններից, և՛ նրանք, ովքեր մինչ օրս չեն կարողացել օգտվել դրանցից։ Ջութակն իմ հոգու ձայնն է, և ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս հրատարակությունը կոգեշնչի և կնպաստի Հայաստանում ջութակի կրթության վերածննդին՝ վերադարձնելով այն բարձր մակարդակը, որը նախկինում գոյություն ուներ, և որին այսօր էլ կարող ենք հասնել»։

Primavera Foundation of Armenia հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ելենա Յակովլևան հետևյալ կարծիքին է. «Կարծում եմ, որ արժեր յոթ երկար ու մի շարք պրոֆեսիոնալների նվիրված աշխատանքով հագեցած ամիսներ ներդնել ջութակի դասավանդման այս լեգենդար մեթոդը Հայաստանում հայերեն լեզվով հասանելի դարձնելու համար: Սա երկրի ջութակի կատարողական արվեստի պատմության մեջ նշանակալի էջ է: Իմ երախտագիտության արտահայտումը բոլոր նրանց հանդեպ, ովքեր աջակցել են այս նախագծին, չի կարող առավել լինել, քան այն փաստը, որ այդ մարդիկ արդեն դարձել են հայկական դասական երաժշտական կրթության պատմության մի մասը»:

«Ամարյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Ամարյանը նշեց. «Ուրախ ենք հայ երաժշտական համայնքին նվիրել Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» գիրքը»։

Հիմնադրամի համահիմնադիր Վարդան Ամարյանն էլ հավաստիացրեց. «Այս աշխատության հայերեն հրատարակությունը մեր երաժիշտներին կապահովի հասանելիություն ջութակի դասավանդման ամենաբարձր չափանիշներին՝ հարստացնելով ուսումնական փորձը թե՛ ուսանողների, թե՛ ուսուցիչների համար։ Վստահ ենք, որ նրանք կօգտվեն այս հնարավորությունից՝ կատարելագործելով իրենց հմտությունները և շարունակելով փայլել ինչպես հայկական, այնպես էլ միջազգային բեմերում»։

Ի դեպ, այս իրադարձությունը նշելու համար դեկտեմբերի 24-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Ջութակ նվագելու արվեստը» խորագրով համերգ։ Որպես մենակատարներ հանդես կգան գրքի գերմաներեն նոր հրատարակության խմբագիրը և հայերեն հրատարակության թարգմանիչը` ջութակահարներ Մաքսիմիլիան Սիմոնը և Արման Բադալյանը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի մաեստրո Թոփչյանը։ Կհնչեն Կորնգոլդի և Բրուխի ջութակի կոնցերտները, Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» օպերայի նախերգանքը:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment