«Մարդիկ ցանկանում են տեսնել արդյունաբերության հետ կապը». Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 18-ին Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) ISTC ինովացիոն կենտրոնում մասնակցել է ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությամբ կայացած «Mini MBA» ծրագրի արդյունքների ներկայացման, ամփոփման եւ հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը:

Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է նման ծրագրերի իրականացումը, այս համատեքստում խոսել անկախությունից առաջ եւ հետո գիտության զարգացման միտումների եւ փուլերի մասին: Հակոբ Արշակյանի խոսքով Խորհրդային Միության տարիներին դպրոցների, բուհերի եւ գիտական աշխատանքների, գիտաարտադրական ու արտադրական միավորումների կապը հստակ է եղել: 1990-ականների վերջերին, սակայն, սեփականաշնորհման շրջանակում գիտաարտադրական գործընթացը խաթարվել է, գիտությունն արդյունաբերությունից կտրվել է:

Հակոբ Արշակյանի գնահատմամբ այժմ էլ գիտության եւ արդյունաբերության կապը թույլ է, որի պատճառով բազմաթիվ հարցեր են առաջանում հատկապես գիտության ֆինանսավորման արդյունավետության առումով:

«Մարդիկ ցանկանում են տեսնել արդյունաբերության հետ կապը: Այժմ նոր ծրագրերով հնարավորություն է տրվում գիտությանն առնչվելու արդյունաբերական զարգացման, տեխնոլոգիաների, ներդրողների հետ, ներկայացնելու գիտնականների գյուտերն ու տեխնոլոգիաները, հնարավորությունները: Միշտ չէ, որ գիտական արդյունքը պետք է գնա արդյունաբերություն, բայց ավելի հաճախ պետք է լինի, որ արդյունավետությունը հնարավոր լինի չափել, եւ դա ծառայի երկրին, տնտեսությանը, մարդկանց եւ այդպես շարունակ»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:

Ելույթի ավարտին Հակոբ Արշակյանը գնահատել է նմանատիպ ծրագրերը եւ դրանց կարեւորությունն ու հաջողություն մաղթել մասնակիցներին:

Ծրագրի նպատակը բիզնեսի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ հաղորդելն է` մասնակիցներին տրամադրելով առաջնորդության, ռազմավարական մտածողության հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից տեխնոլոգիական ու նորարարական միջավայրերում հաջողության հասնելու համար:

Միջոցառումից հետո Հակոբ Արշակյանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ շրջել է ԵՊՀ տվյալների մշակման կենտրոնում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նշենք, որ կենտրոնում տեղադրվել է Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերված գերհամակարգիչը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

 ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment