Վճռորոշ օր Բրյուսելի և Կիևի համար․ եվրոպացի առաջնորդները քննարկում են Ուկրաինայի ֆինանսավորման  հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան չի հրաժարվի իր տարածքային պահանջներից՝ չնայած ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից խաղաղության համաձայնագիր ապահովելու ակտիվ դիվանագիտական ջանքերին։ Նրա հայտարարությունները հնչել են եվրոպական առաջնորդների գագաթնաժողովից առաջ, որտեղ նախատեսվում է քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ու ֆինանսավորման մեխանիզմների հարցը։ ԵՄ ղեկավարներից ոչ մեկը չի լքի գագաթնաժողովի վայրը, մինչև չլուծվի Ուկրաինայի ֆինանսավորման հարցը՝  նիստից առաջ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան մտադիր չէ հրաժարվելու Ուկրաինայից տարածքային զիջումներ պահանջելու իր դիրքորոշումից՝ անկախ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ խաղաղ գործընթացն ակտիվացնելու նախաձեռնություններից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենամյա ընդլայնված նիստում Պուտինը կոշտ քննադատության է ենթարկել Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցներին՝ դարձյալ  ընդգծելով, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է իր նպատակներին հասնելու ռազմական ճանապարհով։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան նախընտրում է լուծել  հակամարտության «արմատական պատճառները»։

«Մենք նախընտրում ենք դա անել խաղաղ ճանապարհով՝ վերացնելով հակամարտության հիմնարար պատճառները»։

Ռուսաստանի նախագահը կրկնել է, որ եթե բանակցություններն անարդյունավետ լինեն, Մոսկվան իր նպատականերին կհասնի ռազմական ճանապարհով։

«Եթե հակառորդ երկիրը, նրա օտարերկրյա հովանավորները հրաժարվեն առարկայական քննարկումներին մասնակցելուց, Ռուսաստանը կհասնի իր պատմական հողերի ազատագրմանը ռազմական ճանապարհով։ Հետևողականորեն կլուծվի նաև անվտանգության բուֆերային գոտու ստեղծման և ընդլայնման խնդիրը»։

Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխիքների հարցերը շարունակում են մնալ խաղաղության բանակցությունների ամենաբարդ կետերից՝ ընդգծելով Ուկրաինայի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ռուսաստանի միջև առկա մրցակցային առաջնահերթությունները։

Ռուսաստանը հայտարարել է Ուկրաինայի Դոնբասի շրջանի անեքսիայի մասին, սակայն այս պահին չի վերահսկում այդ տարածքն ամբողջությամբ։ ԱՄՆ-ում գործող Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) վերլուծության համաձայն՝ այժմյան առաջխաղացման տեմպերով՝ Ռուսաստանը չի կարող ամբողջությամբ գրավել Դոնբասը մինչև 2027 թ․ օգոստոսը։

Պուտինի հայտարարությունները պատերազմը շարունակելու մտադրություն է որակել Ուկրաինայի նախագահը։ Մոսկվայից ստացած ազդակներն այն մասին են, որ նրանք հաջորդ տարի շարունակելու են ռազմական գործողությունները՝ նշել է Վլադիմիր Զելենսկին։

«Կարևոր է, որ մեր գործընկերները տեսնեն դրանք և ոչ միայն տեսնեն, այլև արձագանքեն, հատկապես Միացյալ Նահանգների գործընկերները, որոնք հաճախ ասում են, որ Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել պատերազմը։ Սակայն Ռուսաստանից եկող ազդանշաններն ու  հռետորաբանությունը ճիշտ հակառակի մասին են»։

Զելենսկին կարևորել է այսօր  Բրյուսելում եվրոպացի առաջնորդների հանդիպումը՝ հույս հայտնելով, որ նրանք ճիշտ ընտրություն կանեն։

Իսկ լրատվամիջոցները բրյուսելյան հանդիպումն արդեն առանցքային են համարել թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի համար։  ԵՄ 27 երկրների առաջնորդները քննարկում են Կիևի  ֆինանսական աջակցության հարցը։

«Այսօր մենք կանգնած ենք պարզ ընտրության առաջ․ այսօր՝ գումար, կամ վաղը՝ արյունահեղություն»,— գագաթնաժողովից առաջ լրագրողներին ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ ղեկավարներից ոչ մեկը չի լքի Բրյուսելում մեկնարկած գագաթնաժողովի վայրը, մինչև չլուծվի Ուկրաինայի ֆինանսավորման հարցը:  

«Եվրոպայի պաշտպանական ոլորտում այսօր ավելի առաջնահերթ խնդիր չկա, քան Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելը։ Կոչ եմ անում եվրոպացիներին համաձայնության գալ բոլոր երկրների միջև ռիսկերի բաշխման շուրջ՝ Կիևին «փոխհատուցման վարկի» համար սառեցված ակտիվների օգտագործման դեպքում:

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վստահություն է հայտնել ռուսական միջոցների օգտագործման վերաբերյալ համաձայնության հասնելու հնարավորության հարցում : «Ես ավելի լավ տարբերակ չեմ տեսնում», — ասել է նա Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից առաջ: Նախորդ օրը, Բունդեսթագում Մերցը ընդգծել է, որ այս որոշումը պետք է Մոսկվային հուշի, որ պատերազմը շարունակելն անիմաստ է։  Մերցը նաև ռուսական ակտիվների վերաբերյալ որոշումը անվանել է եվրոպական ինքնիշխանության փորձություն:  «Մենք չենք լինի գնդակ մեծ տերությունների խաղում», — ասել է նա՝ ակնարկելով Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես վստահություն է հայտնել նախաձեռնության հաջողության վերաբերյալ։

«Ուկրաինային ռազմական աջակցության հարցում գագաթնաժողովում մենք կհասնենք  միասնական դիրքորոշման»:

Ուկրաինային առաջիկա երկու տարվա համար անհրաժեշտ է 137 մլրդ եվրոյի ֆինանսավորում։ Այն ապահովելու համար եվրոպական քննարկումներին դիտարկվել է երկու հիմնական առաջարկ։ Առաջինը նախատեսում է ռուսական ակտիվների սառեցված օգտագործում, երկրորդը՝ եվրոպական փոխառությունների ներգրավում։ Ավելի հավանական դիտարկվում է առաջին տարբերակը, քանի որ երկրորդի համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր երկրների համաձայանությունը, իսկ Իտալիան ու Հունգարիան արդեն հայտնել են իրենց անհամաձայնությունը՝ տարբեր պատճառներ նշելով։

Leave a Comment