13-րդ դարի նշանավոր բանաստեղծ Ֆրիկի կյանքի պատմությունն այնքան դրամատիկ է, որ կարող է հիմք դառնալ հետաքրքիր մի թրիլլերի։ Հարուստ մի մարդ, որը մոնղոլական բանակի մատակարարն էր, հանկարծ զրկվում է ողջ ունեցվածքից ու հայտնվում պարտքերի մեջ, ինչի պատճառով որդուն գերի են տանում և Ֆրիկն իր հետագա ողջ կյանքն անցկացնում է զավակին փնտրելով, սակայն, այդպես էլ չի գտնում։
Նա երդվում է մինչև կյանքի վերջ հաց չուտել և սնվում է միայն օտարի դաշտերից հավաքած խակ ցորենի աղանձով։ Ի վերջո, բանաստեղծն ապաստան է գտնում վանքերից մեկում, որտեղ էլ կնքում է իր մահկանացուն։
Բանասիրական գիտությունների թեկնածու Հովհաննես Բեյլերյանը, ոգեշնչվելով Ֆրիկի հանդեպ Պարույր Սևակի ունեցած հետաքրքրությամբ, ուսումնասիրել է բանաստեղծի կյանքն ու գործը։ Նրա հետազոտությունները բացահայտել են ուշագրավ փաստեր: Պարզվում է՝ նշանավոր «Գանգատը», որով հեղինակը հայտնի է դպրոցական ու բուհական դասագրքերից, իրականում Ֆրիկը չի գրել։ Նրա գրչին չեն պատկանում նաև իրեն վերագրվող հայրենների մի մասը։
Այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ Ֆրիկի արձանն այսօր կանգնեցված է Մատենադարանի մուտքի մոտ՝ մեր մշակույթի մեծագույն գործիչների կողքին։ Խնդիրն այն է, որ Ֆրիկի պոեզիան իր հախուռն, ընդվզող ու պայքարող ոգով խիստ համահունչ էր սոցռեալիզմի գաղափարախոսությանը։
Նա ներկայացվում էր որպես իր ժամանակի իշխող դասակարգի դեմ հանդես եկող մարտիկ։ Այդուհանդերձ, անգամ այսօր, կարդալով 13-րդ դարի հեղինակի գործերը, դժվար է չզգալ նրա մարտնչող, որոնող ու պատասխան չգտնող անհանգիստ ոգին։