18 դեկտեմբերի 2025 – 17:14 AMT
PanARMENIAN.Net – Եպիսկոպոսների մի խումբ հանդես է եկել հայտարարությամբ՝ վիճարկելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործադիր կառույցի՝ Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) 2025 թ. դեկտեմբերի 18-ին գումարված նիստի օրինականությունը։
«Դեկտեմբերի 15-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամների տեղեկացրել է, որ Հայրապետական տնօրինությամբ դադարեցրել է Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) կազմում նրանց լիազորությունները՝ չնշելով հիմքերը և պատճառները»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ այդ անդամներից մի քանիսը ԳՀԽ կազմ են ընդգրկվել 2017 թվականի հունիսի 6-8-ին Մայր Աթոռում կայացած Եկեղեցական-ներկայացուցչական Ժողովի (ԵՆԺ) որոշմամբ՝ չորս տարվա ժամկետով։
Ըստ հրապարակված հայտարարության՝ ինչպես ԵՆԺ-ի, այնպես էլ ԳՀԽ-ի կանոնադրական դրույթների համաձայն՝ պետք է երկու տարին մեկ գումարվի ԵՆ ժողով, իսկ ԳՀԽ անդամի չորս տարվա պաշտոնավարումից հետո պետք է իրականացվի նոր ընտրություն։
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործադիր իշխանության մարմինը շարունակել է գործել՝ խախտելով ԳՀԽ կանոնադրությունը։ Բնականաբար, հարցեր են առաջանում՝ մասնավորապես 2021 թվականից սկսած ԳՀԽ-ի գործունեության իրավազորության և կայացրած որոշումների օրինականության վերաբերյալ։ ԵՆԺ և ԳՀԽ կանոնադրություններում բացակայում են նաև այն կարգավորումները, որոնք կարող են հիմք ծառայել Եկեղեցու բարձրագույն մարմինների ժողովների չհրավիրման համար։ Այս ամենը ևս մեկ անգամ վկայությունն է Գարեգին Բ Կաթողիկոսի միանձնյա, կանոնախախտ գործունեության, որը հանգեցրել է Մար Աթոռի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման ճգնաժամի։
Վերստին հիշեցնում ենք, որ եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներիս կողմից բազմիցս բարձրաձայնվել են Եկեղեցու թերի կառավարմանը վերաբերող լրջագույն խնդիրները, և մեր վերջին հանրային հայտարարություններում մատնանշվել են դրանց հանգուցալուծման հնարավորությունները՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանգստյան կոչելու, նոր կանոնադրություն մշակելու և ընդունելու՝ հիմնվելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության և Առաքելության վրա։
Հաշվի առնելով ԵՆԺ և ԳՀԽ կանոնադրությունների կոպիտ և կամայական խախտումները, այս մարմինների գործունեության լիազորությունների չարաշահումները, պարզ է դառնում, որ սույն թվականի դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հրավիրված Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստն անվավեր է, իսկ 2021 թվականից հետո այս մարմնի կայացրած որոշումները կարող են դիտարկվել ոչ իրավաչափ: Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ներկայիս ԳՀԽ գործունեությունը և նոր անդամների նշանակումը՝ մինչև ԵՆ նոր ժողովի հրավիրումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր հերթին պաևզաբանել է, թե ինչու 2017 թվականից հետո Եկեղեցական-ներկայացուցչական ժողով (ԵՆԺ) չի կայացել։ Նշվում է, որ 2017-ից հետո ԵՆԺ գումարելու հնարավորություն չի եղել օբյեկտիվ հանգամանքներով։
«Վեհափառ Հայրապետը ԳՀԽ կանոնադրության 7-րդ հոդվածի համաձայն կատարել է ԳՀԽ կազմի անդամների փոփոխություն։ ԳՀԽ կազմի մեջ փոփոխություններ են տեղ գտել պայմանավորված եկեղեցական անդամների առաջնորդական հանգամանքի փոփոխությամբ, երբ թեմակալ նոր առաջնորդները իրավունքի ուժով փոխարինել են իրենց նախորդներին, ինչպես ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի, Ֆրանսիայի հայոց թեմի, Արցախի թեմի, այդպես էլ Վիրահայոց թեմի պարագայում։
Փոփոխություններ տեղի են ունեցել նաև՝ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը»,–ասվում է հայտարարության մեջ։