«Այո, Կամո Վարդանյանը եւս կար այդ նախնական ցուցակում»․ Սամվել Շահրամանյան

«Այո, Կամո Վարդանյանը եւս կար այդ նախնական ցուցակում, որն ադրբեջանական կողմը մեզ ներկայացրել է որպես պահանջ՝ ճանապարհը բացելու եւ բնակչության դուրսբերման գործընթացը կազմակերպելու համար։ Այո, այդ մարդիկ տեղյակ էին, որ Ադրբեջանն ունի նման որոշում եւ մնացել են եւ ապահովել են բնակչության անվտանգ դուրսբերման գործընթացը»,- զինվորական քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների գերեւարմանը։

Երեկ, հիշեցնենք, փաստաբան Ռոման Երիցյանն էր խոսել այդ մասին։

«Շատ ցավալի է, որ այդ հարցի լուծումներն իրականացվում են լայն հասարակության ներգրավմամբ։ Իմ կարծիքով այդ լուծումները պետք է իրականացվեին այլ ձեւով՝ փակ դռների ետեւում»,- ասաց Սամվել Շահրամանյանը՝ պատասխանելով պետություն-եկեղեցի հարաբերությունների մասին հարցին եւ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք հավաքին վերաբերող հարցին։ Սամվել Շահրամանյանը հավելեց, որ հնարավոր է նաեւ մասնակցի Մայր Աթոռում կայանալիք հավաքին․ ավելի վաղ որոշում չէր կայացրել, քանի որ չգիտեր, թե որքա՞ն կտեւի հարցաքննությունը։

Հիշեցնենք, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ դուրս եկած տասը եպիսկոպոսները հայտարարել էին, որ այսօր գնալու են Մայր Աթոռ՝ Կաթողիկոսին պահանջելու, որ հեռանա։ Մայր Աթոռից նրանց զգաստության կոչ արվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment