Դատարանը երեք ամսով երկարաձգեց Վարդան Ղուկասյանի կալանքը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում Լևոն Պետրոսյանի նախագահությամբ անցկացվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ դատական նիստը։ Մեղադրական եզրակացությամբ վարույթը դատարանում ստացվել է դեկտեմբերի 3-ին։

Վարդան Կոլյայի Ղուկասյանը մեղադրվում է այն բանում, որ նա, հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4․000․000 (չորս միլիոն) ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկա էին հանրային մեղադրողի ներկայացուցիչ Գորիկ Գրիգորյանը, մեղադրյալ Վարդան Ղուկասյանը, նրա պաշտպաններ Զարուհի Փոստանջյանը, Արամայիս Հայրապետյանը, Հովհաննես Ղարաքեշիշյանը։ Գործով առաջին նիստով պայմանավորված դատարանը ստուգեց կողմերի ներկայացուցիչների լիազորությունները հավաստող փաստաթղթերը։ Ներկայացավ գործով մեղադրյալ հանդիսացող Վարդան Ղուկասյանը, հայտնեց, որ ծանոթ է իր իրավունքներին։

Դատական նիստում քննարկվեց ներկայացված քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունները։

Պաշտպան Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետի պաշտոնը ստանձնելոց օրեր անց նախաձեռնվել են օպերատիվ-հետախուզական գործողություններ, որոնց իրավաչափությունը կասկածի տակ է առնվում։  Զարուհի Փոստանջյանը Դատարանին ներկայացրել էր միջնորդություններ։ Դրանք երեքն էին՝ Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու և նրա նկատմամբ դատաբժշկական փորձագննություն նշանակելու վերաբերյալ,  Վարդան Ղուկասյանի կալանքի ոչ իրավաչափ լինելու և կալանավորման պայմանների անհամապատասխանության վերաբերյալ, Վարդան Ղուկասյանի կալանքը ոչ իրավաչափ ճանաչելու և այն վերացնելու վերաբերյալ։

Դատարանը հանրային մեղադրողի կարծիքը հարցրեց խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ։ Գորիկ Գրիգորյանը նշեց, որ իր դիտարկմամբ դեռևս առկա են կալանքի հիմքերը և կա անհրաժեշտություն կալանքի ժամկետը երկարաձգելու, քանի որ Վարդան Ղուկասյանը կարող է բացակայել երկրից կամ ազդեցություն ունենալ վկայի վրա։

Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանական կողմը ներկայացրեց նաև երաշխավորագրեր։ Երաշխավորագիր Դիմումներ էին ներկայացրել Վահան Բիչախչյանը և Մհեր Մելքոնյանը։ Դատարանի դահլիճում էին նաև պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, նրանք ևս պատրաստակամ էին ստանձնել երաշխավորի պարտականությունները։ Վերջիններս նիստի ընթացքում ևս ներկայացրեցին երաշխավորության դիմումը։ Ավելի ուշ նույնաբովանդակ դիմում ներկայացվեց նաև դերասան Լևոն Հարությունյանի կողմից։

Դատարանին պաշտպանական կողմը միջնորդություն  ներկայացրեց, որոնցում ներառված տեղեկությունը ենթադրում էր դռնփակ կարգով քննություն։ Նիստի մնացյալ հատվածը անցկացվեց դռնփակ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ դատարանը որոշում է կայացրել ևս երեք ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը։ Վերջինիս պաշտպան Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են բողեքարկել որոշումը։

Leave a Comment