Միրզոյանը և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահն արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի

Դեկտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ու անդամներ:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում երկկողմ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նույն օրը ստորագրված Համատեղ հռչակագրին, որն ուրվագծում է համագործակցության առաջնահերթությունները և կարևորում նաև օրենսդիր մարմինների միջև փոխգործակցությունը:

Նախարար Միրզոյանն իր երախտագիտություն է հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

Արարատ Միրզոյանը և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահն ընդգծել են նաև ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս կազմող ծրագրերի կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը:

Հանդիպմանը հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային հարցեր: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման ուղղությամբ ստեղծված հնարավորությունների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի հասցեագրմանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment