«Առավոտ»-ի զրուցակիցն է արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը։
-Արցախյան քաղհասարակության ներկայացուցիչները նամակ են ուղղել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը։ Դուք եւս այդ նամակը ստորագրել եք, ինչո՞ւ եք կարծում, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պետք է հեռանա, եւ արդյոք արցախցիների մեծամասնությունը նույնպես այդ պահանջը դնում է։
-Այո, մեր ընկալմամբ՝ ժողովրդի պահանջը դա է։ Բազմաթիվ արցախցներից լսել ենք եւ դժգոհություններ, եւ այն, որ նրանք ամաչում են վերջին իրադարձությունների համար, քանի որ Արցախի թեմի առաջնորդն էլ է ընդգրկված եկեղեցուն դեմ գնացող եպիսկոպոսների շարքերը։ Մենք փորձել ենք բարձրաձայնել արցախցիների մեծամասնության տեսակետը եւ այն հասանելի դարձնել Հայ Առաքելական եկեղեցուն եւ Ամենայն հայոց կաթողիկոսին։
Արցախի թեմի առաջնորդի պահվածքը վաղուց գոհացուցիչ չէր՝ սկսած շրջափակման օրերից, երբ Երեւանում գտնվելով՝ իրեն զերծ էր պահում որեւէ պրոցեսի մասնակցելուց։ Իսկ այդ բոլոր պրոցեսներն արցախցիների իրավունքների պաշտպանությանն էին ուղղված եւ Արցախը հայկական պահելուն։ Սակայն այդ մասին շատ չէինք բարձրաձայնում՝ հաշվի առնելով նաեւ ստեղծված դժվարին իրավիճակը։
Բայց վերջին իրադարձություններն էլ ավելի բորբոքեցին արցախցիների շրջանում դժգոհությունները։ Հասկանալով հանդերձ, որ դա մեր դաշտը չէ, եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ցանկացած որոշում որդիաբար խոնարհությամբ ընդունելու ենք, ցանկանում ենք նաեւ, որ նրանք տեղյակ լինեն, որ արցախցիները հաշտ չեն այս ամենի հետ, արցախցիներն ամաչում են սրբազանի նման պահվածքից եւ ցանկանում են ունենալ առաջնորդ, ով եւ արցախցիների կողքին կլինի, եւ հավատարիմ կլինի Հայ Առաքելական եկեղեցուն։
-Ի՞նչ հրատապ խնդիրներ կան, որոնցով հիմա պետք է զբաղվեր Արցախի թեմի առաջնորդը եւ, ըստ ձեզ, չի զբաղվում։
-Կան հազարավոր խնդիրներ՝ սոցիալականից մինչեւ իրավական ու իրավաբանական, որոնք պահանջում են առաջնորդների մասնակցություն, այդ թվում՝ առաջին հերթին թեմի առաջնորդի։ Խնդիրները շատ են՝ սոցիալական, մարդասիրական, իրավական, վերադարձի իրավունք եւ այլն։ Մենք ոչ մի հարցում չենք տեսել Վրթանես սրբազանի ակտիվ միջամտությունը։ Եվ շատ զարմանալի ու հիասթափեցնող է, որ սեփական հոտի հոգսով ընդհանրապես չզբաղվող սրբազանն ակտիվ ներգրավված է եկեղեցական խարդավանքների մեջ։
–Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Արցախի թեմի առաջնորդը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ այդ հանդիպմանը մասնակցել է որպես Մայր Աթոռի եպիսկոպոսաց հանձնախմբի անդամ, եւ այն որեւէ առնչություն չունի եւ չի կարող ունենալ Արցախի հիմնախնդրի եւ արցախցիներին հուզող հիմնահարցերի հետ։ Այս պարզաբանումը չգոհացրե՞ց արցախցիներին։
-Իր պարզաբանումը ոչինչ չասող է։ Այն, որ նա չի գտնվել իր հոտի կողքին եւ նրա խնդիրներով չի զբաղվել, դա պարզ էր արդեն տարիներ շարունակ։ Եվ այդքանից հետո ասում է, թե այս ամենը կապ չունի Արցախի թեմի առաջնորդի պարտականությունների հետ, եւ նա շարունակում է Արցախի հարցն առաջ տանել, բայց գնում հանդիպում ու համագործակցում է մեկի հետ, ով ամեն կերպ փորձում է փակել Արցախի հարցը։
Մյուս կողմից, դավաճանում ու դեմ է գնում Ամենայն հայոց կաթողիկոսին, որն այն քիչ մարդկանցից է, որ միշտ Արցախի կողքին է, պատարագների ժամանակ եւ միջազգային հարթակներում ներկայացնում է Արցախի խնդիրը, վերջիվերջո պահել է Արցախի թեմը, չի լուծարել։ Նման դավաճանությունը կրկնակի դավաճանություն է Արցախի ժողովրդի նկատմամբ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
