Լույս է տեսել Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Հայկուհի Մուրադյանի «Մշակութային քաղաքականությունը խորհրդային և հետխորհրդային Հայաստանում» աշխատությունը։ Հեղինակը մանրամասն վերլուծում է այն իրականությունը, որում գոյություն է ունեցել հայկական մշակույթը։
Անշուշտ, յուրաքանչյուր հասարակարգ թելադրում է իր գաղափարախոսությունը։ Խորհրդային տարիներին գործում էին սոցիալիստական ռեալիզմի կանոնները։ Ամեն ինչ ենթարկվում էր անձի պաշտամունքի խստագույն սկզբունքներին։ Կարևոր էր կերտել սոցիալիզմ կառուցողի «ճիշտ» կերպարը՝ սահմանելով, թե ինչպիսին պետք է լինի խորհրդային մարդը, ինչ լսի, կարդա, հագնի ու մտածի։
Այս ամենը բնականաբար վերաբերում էր նաև հայկական մշակույթին, որտեղ առանցքային էր Ստալինի կերպարը, քանի որ հենց նա էր թելադրում ու կառավարում ամեն ինչ, իսկ ազգայինի ցանկացած դրսևորում խստորեն քննադատվում էր։ Մշակույթի հանդեպ այս բռնությունները որոշակիորեն թուլացան առաջնորդի մահից և անձի պաշտամունքի դատապարտումից հետո, հատկապես՝ «Ձնհալի» տարիներին։ Աստիճանաբար սկսեցին ներթափանցել մինչ այդ «խորթ» համարվող հոսանքներ, թարմ մտքեր ու գաղափարներ։ Ցավոք, «Ձնհալը» կարճ տևեց։ Կրկին սկսվեցին հետապնդումներն ազատամիտ արվեստագետների նկատմամբ։ Նրանք ենթարկվում էին ճնշումների, արտաքսվում երկրից կամ հայտնվում ստեղծագործելու համար անհնարին պայմաններում։
Անկախության տարիներին սկսեցին գործել խաղի նոր կանոններ։ Հայաստանում, ինչպես և ողջ հետխորհրդային տարածքում, արվեստագետներն ստացան ազատ ստեղծագործելու հնարավորություն, սակայն, զրկվեցին պետական ֆինանսավորումից, իսկ ստեղծագործական միությունները կորցրին իրենց երբեմնի թելադրող դերը։ Այժմ շուկայական հարաբերություններն են հաստատում իրենց օրենքները։ Մշակութային, ինչպես և հասարակական կյանքի մյուս ոլորտներում, սկսեց գործել պահանջարկի և առաջարկի սկզբունքն, որը երբեմն սահմանափակում է արվեստագետի ազատությունը՝ ստիպելով ենթարկվել ֆինանսավորողի ճաշակին։ Հայկուհի Մուրադյանը գտնում է, որ պետք է մշակվի և կյանքի կոչվի մշակույթի ազգային հայեցակարգը։