Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ զինծառայության ժամկետի կրճատումը հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն է. «Զինծառայության ժամկետի կրճատումն ուղղված է Հայաստանի Հանրապետության բանակը պրոֆեսիոնալ դարձնելուն»,- ասել է նա։
«Մեդիալաբը» պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման մասին հարցեր է ուղղել պատերազմի վետերան, հանրային գործիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Հովսեփ Ղազարյանին։
– Պարո՛ն Ղազարյան, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց պարտադիր զինծառայության ժամկետը վեց ամսով կրճատելու որոշումը, այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Նախարարության հիմնավորումները ինչպե՞ս եք գնահատում, որոշման վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք:
– Նախ ասեմ, որ այս «բարեփոխումը» որևէ կապ չունի բանակի հետ, սա ընդամենը մի կոնտեքստում պետք է դիտարկել՝ պոպուլիստական քայլ ընտրություններին ընդառաջ, որպեսզի ձայներ հավաքեն: Ուշագրավ է, որ այս օրինագծի քննարկումից մեկ շաբաթ առաջ՝ խորհրդարանում նույն թեմայով հանձնաժողովի նիստի քննարկման ժամանակ, ՔՊ-ն ներկայացնող փոխնախարար Արմեն Սարգսյանը բանակի թվաքանակի մասին խոսելիս նշում էր, որ ժամկետային զինծառայողների թիվը չի բավարարում, որպեսզի մարտական հերթափոխ իրականացվի, ու բողոքում էր զինված ուժերի թվաքանակից:
Ստացվում է, որ մեր բանակում թվաքանակն ապահովվում է ժամկետային զինծառայողների հաշվին, իսկ այս պարագայում փաստացի վեց ամսով կրճատումը նշանակում է թվաքանակի կրճատում մեկ քառորդով: Ստացվում է, որ չունենալով բավարար թվաքանակ, եթե դու մի բան էլ կրճատում ես դա, ապա եղած խնդիրդ դարձնում ես ավելի կրիտիկական, ու պարզ է, որ ընդհանրապես չի կարելի այս քայլը իբրև բարեփոխում ներկայացնել:
Սա ընտրակաշառքի ձև է, Նիկոլ Փաշինյանն ամեն հնարավոր բան օգտագործում է 2026-ին ձայներ հավաքելու համար, նույնիսկ չի խորշում անվտանգային նման խնդիրներ առաջացնելուց՝ առկա խնդիրներն էլ ավելի խորացնելով: Սրա մասին վկայում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն պնդումը, թե անցյալ տարի վարժական հավաքներին մասնակցել է 16 հազար մարդ, իսկ բոլորիս հայտնի է, որ այդ վարժական հավաքների նպատակը սահմանապահ ծառայություն իրականացնելն է, որովհետև մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի թվաքանակը չի բավարարում, դրա համար էլ այդ վարժական հավաքների մասնակիցները 5-7 օր գտնվում են զորավարժարանում, այնուհետև գնում են մարտական ծառայություն իրականացնելու:
Այս խնդիրը նրանք ուզում են լուծել՝ եկող տարի 16 հազարի փոխարեն 20 հազար պահեստազորային կանչելով, սա ակնհայտ է դարձնում, որ այդ խնդրի իրական օբյեկտը գոյություն ունի, ու իրենք այս որոշմամբ այդ խնդիրն էլ ավելի են խորացնում: Տեսեք, երբ իրենք պահեստազորայինին 20 օրով կտրում են իր գործից, դա մեծ ազդեցություն է ունենում նաև տնտեսության վրա, որովհետև, պատկերացրեք՝ 25 հազար մարդ մեկ ամիս տնտեսական արդյունք չի ստեղծում:
Կցանկանամ անդրադառնալ նաև իրենց նշած այդ ամրաշինական գործողություններին. ցանկացած մարդ, որ վերջին տարիներին գոնե մեկ անգամ եղել է առաջնագծում, լավ գիտի, որ իշխանության ասած ոչ մի ամրաշինական աննախադեպ կառույց որևէ կապ չունի առաջնագծի հետ, դա երկրորդ ու երրորդ գծերում է կառուցվում, ու զինվորներն այսօր այդ վայրերում մարտական հերթապահություն չեն իրականացնում, այլ մարտական ծառայությունը շարունակում են իրականացնել վատ կահավորված, չապահովված, շատ վատ վիճակում գտնվող մարտական դիրքերում: Այս հայտարարությունները, թե աննախադեպ ծավալի գործ է արվում, լրիվ մանիպուլյատիվ են ու կեղծ:
– Ընդդիմադիրները նաև մտահոգություն հայտնում են, որ այսպիսով բանակի թվաքանակը կրճատվելու է, բայց իշխանությունն էլ վստահեցնում է, թե պայմանագրային զինծառայողների հաշվին այդ խնդիրը չի լինի, որ նրանց թվաքանակն ավելանում է՝ շնորհիվ նախարարության առաջարկած ծրագրերի:
– Դա էլ մյուս կեղծիքն է, որ տարածում են. այդ պայմանագրայիններին նրանք որտեղի՞ց են ներգրավում, այն ժամկետայիններին, որոնք գալիս են պարտադիր զինծառայության, առաջարկում են հինգ տարով պայմանագիր կնքել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով: Փաստացի, նրանք այդ թվաքանակը ներկայացնում են որպես պայմանագրայինների ներգրավում, բայց իրականում դա նույն ժամկետային զինծառայողն է, որին աշխատավարձ են տալիս՝ ծառայության ժամկետը երկարացնելով: Ստացվում է, որ այն թվաքանակը, որ իրենք կրճատում են զինծառայության ժամկետից, ու այն թվաքանակը, որը հենց այդ նույն ժամկետայինների հաշվին ավելացնում են, ընդամենը մանիպուլյացիաներ են, որ կապ չունի զորքի իրական թվաքանակի հետ:
– Որո՞նք են լինելու այս որոշման հետևանքները, պարո՛ն Ղազարյան:
– Փլուզված պաշտպանական համակարգի ընդհանրապես ոչնչացում: Ես չեմ ընդունում նաև իշխանության այն պնդումները, թե պատերազմից հետո իրենք բանակը մարտունակ են դարձնում, տարբեր գործողություններ են անում դրան միտված, որովհետև այն միտումը, որ շարունակվում է այսօր բանակում, լրիվ հակառակի մասին է:
Մենք 2020-ի նոյեմբերի 9-ի երեկոյան, երբ ստորագրվեց այդ եռակողմ թուղթը, ավելի մարտունակ բանակ ունեինք, քան հիմա: Բանակը չի կարող մարտունակ լինել, երբ բանակի գեներալ Դավիթ Մանուկյանը իր հայրենիքի պաշտպանության համար հիմա գտնվում է բանտում, ու իշխանությունները թքած ունեն այդ մարդկանց ու Ադրբեջանում պահվող գերիների վրա: Ո՞ր զինվորականն է կռվելու ապագայում այս ամենը տեսնելով, երբ մարդիկ Բաքվի բանտերում են, իսկ այստեղ խաղաղության մասին են խոսում, ի՞նչ խաղաղություն:
– Խաղաղության օրակարգի վերաբերյալ է՞լ եք թերահավատ:
– Իհարկե, դա կեղծ օրակարգ է, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը: Չեն կրակում, որովհետև Նիկոլ Փաշինյանը տալիս է այն, ինչ Ադրբեջանն է պահանջում:
– Բայց տալիս է այն, ինչը, ըստ իշխանության, պատկանում է Ադրբեջանին:
– Իսկ Ադրբեջանը մեզ պատկանող Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի, Ներքին Հանդի հատվածները վերադարձնո՞ւմ է:
– Կվերադարձնեն՝ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացի շրջանակներում, վստահ է իշխանությունը:
– Դրանք հեքիաթներ են:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am