Մոսկվան պատրաստ է քննարկել TRIPP-ին իր մասնակցությունը — Հայաստանի Հանրային Ռադիո

Մոսկվան պատրաստ է քննարկել Երևանի հետ TRIPP ծրագրում իր մասնակցությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը», — ասել է նա։

Կալուգինը նշել է, որ ռուսական Հարավկովկասյան երկաթուղին (Ռուսական երկաթուղիների դուստր ձեռնարկություն) Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա ունի և տարածաշրջանում օգտագործվում է ռուսական երկաթուղագիծը։ Բացի դրանից, ըստ նրա, պետք է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։

«Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի» նախագիծը (TRIPP) առաջարկվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից այս տարվա օգոստոսին։ Տրանսպորտային նախագիծն իրականացնելու համար նախատեսվում է գրանցել հայ-ամերիկյան համատեղ ընկերություն՝ TRIPP ընկերությունը։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այս ամռանը հայտարարեց, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանին Ադրբեջանի հետ տրանսպորտային միջանցք ստեղծելու ծրագրերի իրականացման գործում, եթե Երևանը դա անհրաժեշտ համարի։

Leave a Comment