Նույն «Զանգեզուրի միջանցքն» է․ Իրանը դեմ է «TRIPP»-ին – Live News

Իրանի հոգևոր առաջնորդի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «TRIPP»-ը նույն «Զանգեզուրի միջանցքն» է, որի անունն է պարզապես փոխվել, և Իրանը դեմ է դրան։ Այս մասին գրում է «Իրանն այսօր» տելեգրամ ալիքը:
«Այս նախագիծը որևէ կերպ չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից» և Իրանը կտրականապես դեմ է դրան։
Իրանը Զանգեզուրի միջանցքի նախագծի առաջադրման հենց սկզբից ընդդիմացել է դրան՝ սահմանների ցանկացած փոփոխությանը և իր շրջակայքում անվտանգությանը սպառնացող զարգացումներին դեմ լինելու պատճառով։
Այն ժամանակ, երբ Զանգեզուրի միջանցքի նախագիծը առաջ քաշվեց, Իրանն անգամ այն պայմաններում, երբ Ռուսաստանն Ուկրաինայում էր խիստ զբաղված, ՌԴ հետ, թե առանց նրա հայտնել է իր վճռական ընդդիմությունը և կանխարգելել այդ նախագծի իրագործումը։
Իրանը դեմ էր դրան, քանի որ այդ միջանցքը կարող էր Իրանի հյուսիսում ՆԱՏՕ-ի ներկայության հիմքեր ստեղծել և Իրանի հյուսիսի ու ՌԴ հարավի անվտանգությունը լուրջ մարտահրավերի առաջ կանգնեցնել։
Թրամփի նախագիծն այդ նույն ծրագիրն է, որ միայն անունն է փոխվել և այժմ հետապնդվում է Հայաստանում ամերիկյան ընկերությունների ներկայության շրջանակներում։
Փորձը ցույց է տվել, որ ամերիկացիները նախ տնտեսական ծրագրերի անվան ներքո մուտք են գործում զգայուն տարածաշրջաններ, բայց հետո նրանց ներկայությունը ռազմական ու անվտանգային ասպեկտներով է ընդլայնվում։ Ցանկացած ծրագրի անվան տակ Իրանի սահմաններին ԱՄՆ ներկայությունը անվտանգային հստակ հետևանքներ ունի»,-ասել է Վելայաթին։

Leave a Comment