Այն իշխանությունը, որը նախ լույս է կախում, հետո մտածում մարդու մասին, իշխանություն չէ՝ այլ PR գործակալություն

«ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության անունից խիստ քաղաքական դիրքորոշում 

Մենք ուրախությանը, տոնին, լույսերին և Նոր տարվան դեմ չենք։ Ժողովուրդն իրավունք ունի ուրախանալու, երեխաները՝ հեքիաթի, քաղաքը՝ լուսավոր լինելու։ Բայց մենք կտրականապես դեմ ենք պետական ցինիզմին և բարոյազուրկ առաջնահերթություններին։ Այսօր, երբ Արցախից տասնյակ հազարավոր բռնի տեղահանված ընտանիքներ դեռ չունեն կայուն օթևան, հազարավոր մարդիկ ապրում են վարձով, ժամանակավոր կացարաններում, հյուրանոցներում,  կան երեխաներ, որոնք դպրոց են գնում վաղվա անորոշ պայմաններում,  կան զոհվածների ընտանիքներ, որոնք սպասում են խոստացված աջակցությանը, 608 միլիոն դրամ ծախսել տոնական լույսերի և միջոցառումների վրա՝ ոչ թե ուրախություն է, այլ անտարբերության ցուցադրություն։ Խնդիրը լույսերը չեն, խնդիրը խիղճն է: Թող հստակ լինի՝ 

մենք չենք ասում՝ քաղաքը մթնեցրեք, չենք ասում՝ ժողովուրդը չպիտի ուրախանա, մենք ասում ենք՝ նախ հաշվի նստեք մարդկային ողբերգության հետ, հետո կազմակերպեք շոու։ Երբ մարդը չունի տուն, երբ ընտանիքը չունի անվտանգ ապագա, տոնական լույսերը դառնում են ոչ թե հույս, այլ վիրավորանք։ Իշխանությունն իր պատասխանատվությունը փորձում է լույսերով քողարկել։ Փորձում է տոնով լռեցնել ցավը։ Փորձում է միջոցառումներով փոխարինել քաղաքական լուծումները։ Սա կառավարում չէ, սա ձևականություն է։ Եթե իշխանությունը կարող է գտնել 608 միլիոն դրամ, ապա պարտավոր էր նախ գտնել միջոց՝ բնակարանային ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու, փախստականների սոցիալական անվտանգությունը երաշխավորելու, զոհվածների ընտանիքների հարցերը վերջնական փակելու համար։ 

Մեր դիրքորոշումը հստակ է՝

Ուրախությունն իրավունք է, արժանապատվությունը՝ պարտադիր պայման։ Այն իշխանությունը, որը նախ լույս է կախում, հետո մտածում մարդու մասին, իշխանություն չէ՝ այլ PR գործակալություն։ Եվ ժողովուրդը պետք է սա տեսնի պարզ, առանց մանիպուլյացիայի։ 

«ՔՈՉԱՐԻ – Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցություն

Leave a Comment