«Նոայի» կիսապաշտպան Գուստավո Սանգարեն և դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն չեն մասնակցի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 6-րդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» դեմ հանդիպմանը։
Երկու ֆուտբոլիստներն էլ կլքեն ակումբը՝ միանալու իրենց ազգային հավաքականներին՝ 2025 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը նախապատրաստման շրջանակում։ Տուրնիրն սկսվում է դեկտեմբերի 21-ին՝ Մարոկկոյում։
Կիսապաշտպան Գուստավո Սանգարեն հանդես կգա Բուրկինա Ֆասոյի հավաքականում, իսկ դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն կմիանա Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանուն։
«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը «Լեգիայի» հետ խաղից հետո խոստովանել է, որ կցանկանար Սանգարեին և Ֆայուլուին տեսնել թիմի կազմում, սակայն ուրախ է նրանց համար՝ ազգային հավաքականներ հրավիրվելու կապակցությամբ։
«Դինամո Կիև» – «Նոա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով ժամը 00:00-ին։