«Ի՞նչ նարատիվներ, վնասակար և քարոզչությամբ լի բովանդակություն է շրջանառվում ԵՄ-ի հետ կապված հայկական մեդիայում և սոցմեդիայում»․ քննարկում են մեդիադաշտի ներկայացուցիչները

«Մի քանի ամիս ՀՀ-ում իրականացրել ենք մի ծրագիր, որի նպատակն էր փորձել հասկանալ, թե ինչ նարատիվներ են շրջանառվում Եվրոպայի հետ կապված հայկական մեդիայում և սոցիալական մեդիայում, ինչպիսի վնասակար և քարոզչությամբ լի բովանդակություն է, որ գերակշռում է և ինչ կարող ենք անել, որ եվրոպական թեմաների հետ կապված բովանդակությունը հայկական մեդիայում ու սոցիալական մեդիայում լինի ավելի փաստահեն, վստահելի և ճշմարտացի»,-Եվրոպական քաղաքականության EUROPEUM ինստիտուտի (Չեխիա) և Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) կողմից կազմակերպված Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Փոխակերպման խթանման ծրագրի ներքո ֆինանսավորվող «Աջակցել անկախ լրատվամիջոցներին և ՔՀԿ-ներին՝ Հայաստանում սոցիալական մեդիայի միջոցով Եվրամիության և ԵՄ ընդլայնման վերաբերյալ հավաստի տեղեկատվության հասանելիության խթանման գործում» ծրագրի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման բացման խոսքում ասաց ՀԼԱ նախագահ Սեդա Մուրադյանը։

Քննարկմամբ ազդարարվեց ծրագրի ավարտը։ Հանդիպումը մեկ հարթակում համախմբեց մեդիադաշտի մասնագետների, քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, հաղորդակցության ոլորտի փորձագետների, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու, թե ինչպես է հնարավոր ավելի արդյունավետ, գրավիչ և լսարանին հասանելի ձևով հանրայնացնել Եվրոպական միությանը և ԵՄ ընդլայնման գործընթացին վերաբերող հարցերը՝ Հայաստանի զարգացող սոցիալական մեդիա միջավայրում։

Ծրագրի շրջանակում կազմակերպվել է հայ լրագրողների խմբի այց Բրյուսել և Պրահա, որի արդյունքում նաև մշակվել է ոլորտում վարվող քաղաքականությանն ուղղված առաջարկությունների փաստաթուղթ։

Սեդա Մուրադյանը նկատեց՝ Չեխիան՝ որպես երկիր, պետություն շատ մեծ փորձ ունի ժողովրդավարական արժեքների պահպանման առումով, Չեխիան նաև բավականին տպավորիչ փորձ ունի ռազմավարական հաղորդակցության իրագործման և ապատեղեկատվության դեմ պայքարի առումով․ «Իհարկե, կուզենայինք տեսնել, որ այդ դիմակայունությունը եվրոպական երկրներում պահպանվում է։ Ցավալիորեն քաղաքական գործընթացները, որ տեղի են ունենում նաև եվրոպական երկրներում, իրապես խաթարում են արժեքները, որոնք մեզ համար միշտ եղել են արժեքահեն համակարգեր, որոնց մենք էլ ենք փորձում ձգտել ու հասնել»։

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության փոխդեսպան Յակուբ Լևանդովսկին էլ ընդգծեց՝ աջակցությունը ժողովրդավարությանը, քաղհասարակությանը, մարդու իրավունքներին և անկախ մեդիային բաց հասարակության անկյունաքարն է․ «Այս ամենը Չեխիայի արտաքին քաղաքականության երկարաժամկետ առաջնահերթություններն են։ Այսպիսի ծրագրերը շատ կարևոր են հատկապես մեր օրերում, երբ տեսնում ենք ապատեղեկատվության տարածման աճը։ Անգամ Չեխիայում շատերը չունեն բավարար պատկերացում եվրոպական գործընթացների մասին, նաև այս առումով է տարածվում մանիպուլացնող տեղեկատվություն, այդ իսկ պատճառով շատ կարևոր է ԵՄ-ի՝ շատ խճճված էությունը պարզ ներկայացնելը հասարակությանը։ Եվ այս տեսանկյունից լավագույն փորձի տարածումը կարևոր է»։

EUROPEUM եվրոպական քաղաքականության ինստիտուտի «Գլոբալ Եվրոպա» ծրագրի ղեկավար Օսկար Ռոգիներ-Հոֆմայսթերը, խոսելով իրականացված ծրագրի մասին, նշեց․ «Նպատակն էր գնահատել ԵՄ պատկերը Հայաստանում, ինչպես նաև ավելի լայն ընդգրկումով Հարավային Կովկասում։ Նպատակն էր նաև գնահատել քաղաքականությունների տեսանկյունից, բայց նաև կարողականություններ զարգացնել լրատվամիջոցների շրջանում, գնալ և քննարկումներ ունենալ քաղաքականություններ մշակողմերի և փորձագետների հետ Պրահայում ու Բրյուսելում, որոնք իրենց ներդրումն են ունենում ռազմավարական հաղորդակցության գործնականում կիրառման հարցում»։

Ծրագրին մասնակցած լրագրողները քննարկման ընթացքում ներկայացրին իրենց դիտարկումները։ ՍիվիլՆեթի ավագ խմբագիր Ստելլա Մեհրաբեկյանը փաստեց՝ այսօր կան ընդհանուր մարտահրավերներ, որոնց դեմ պետք է միասին պայքարել․ «Մեր աշխատանքի բերումով ապատեղեկատվության դեմ պայքարի առաջնագծում ենք, մեծ ծավալի տոքսիկ տեղեկատվություն ենք սպառում և փորձում նաև ինստիտուցիոնալ աշխատել։

Նախագծին մասնակցելը հետաքրքիր էր, քանի որ այն նարատիվները, որոնց ամեն օր առնչվում ենք, փորձեցի մեր այցելության և նախագծի շրջանակում ավելի ինստիտուցիոնալ մոտեցում տալ դրանց, և հավաքագրել եմ հիմնական ապատեղեկատվական թեզերը, որ թիրախավորում են ԵՄ-ին։ Հատկապես ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից հետո սինքրոնացված ապատեղեկատվական արշավներ սկսվեցին, որոնք հաճախ համընկնում են ռուսական և ադրբեջանական կողմերից»։

Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի համոզմամբ՝ այսօր պետությունները և կառավարություններն այլևս չեն կարող առանց ռազմավարական հաղորդակցության․ «Այդ հաղորդակցությունը հասարակության հետ պետք է կատարվի բոլոր հնարավոր խողովակներով, և այն պետք է լինի անկեղծ ու ամբողջական, որ տեղ չթողնի ապատեղեկատվության ու մանիպուլյացիաների։

Որքան կառավարությունը բաց վարի երկխոսություն հասարակության ու լրատվամիջոցների հետ, այնքան քիչ տեղ կմնա ապատեղեկատվությանը։ Ապատեղեկատվության դեմ պայքարը միայն պետության խնդիրը չի կարող լինել․ այստեղ մեծ դերակատարում պետք է ունենան անկախ կազմակերպությունները։ Պետք է պետական և մասնավոր կազմակերպություն լինի, որ ամբողջ տեղեկատվական դաշտը կարողանա ֆաքթչեք անել»։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հասմիկ Սմբատյանը, լսարանի կարիքների դիտարկման վրա հիմնվելով, նշեց․ «Ապատեղեկատվությունը տարածվում ու բարգավաճում է, որտեղ տեղեկատվություն կամ չկա, կամ քիչ է, կամ ոչ բավարար չափով։ Ապատեղեկատվությունը ջրող գործոններից մեկն էլ համարում եմ բովանդակություն չստեղծելը կամ ոչ բավարար պրոֆեսիոնալիզմով բովանդակություն ստեղծելը, կամ սխալ հարթակում բովանդակություն ստեղծելը, լսարանի հետ աշխատանքի ձևաչափը»։

Քննարկմանը միացավ նաև ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Պետր Պիրունչիկը։ Նա շնորհակալություն հատնեց ծրագրի մասնակիցներին և կազմակերպիչներին, նրանց, ովքեր մտածում են Հայաստանի մասին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ Հանրային լրագրության ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment