Քաղցկեղ առաջացնող գեն ունեցող սերմնահեղուկի դոնորը Եվրոպայում գրեթե 200 երեխայի հայր է դարձել
14 եվրոպական հանրային հեռարձակողների անցկացրած հետաքննությունը ցույց է տվել, որ ամբողջ Եվրոպայում գրեթե 200 երեխա բեղմնավորելու համար օգտագործվել է քաղցկեղ առաջացնող գեն կրող դոնորի սերմը․ գրում է CBS News-ը։
Այդ սերմնահեղուկի միջոցով բեղմնավորված որոշ երեխաներ արդեն մահացել են քաղցկեղից, իսկ գենը ժառանգածների մեծ մասն իրենց կյանքի ընթացքում կարող են քաղցկեղ ունենալ:
Գենը կրող տղամարդը 2005 թվականին Եվրոպական սերմնաբաշխման բանկում դոնոր դառնալուց առաջ անցել է սկրինինգային ստուգումներ։ Նրա սերմնահեղուկն օգտագործվել է բազմաթիվ երկրներում հղիանալ փորձող կանանց կողմից 17 տարի շարունակ։
Հետաքննության համաձայն՝ քաղցկեղ առաջացնող մուտացիան տեղի է ունեցել դոնորի TP53 գենում, որը կանխում է օրգանիզմի բջիջների քաղցկեղային դառնալը՝ մինչև նրա ծնվելը։ Այն առաջացնում է Լի Ֆրաումենիի համախտանիշ, որը 90 % -ով հավանական է դարձնում քաղցկեղի զարգացումը, մասնավորապես մանկության տարիներին, ինչպես նաև՝ կրծքագեղձի քաղցկեղի զարգացումն ուշ շրջանում։ Դոնորի սերմի մինչև 20 %-ը պարունակում էր մուտացված TP53 գենը։ Այդ սերմով բեղմնավորված ցանկացած երեխա կունենա վտանգավոր մուտացիա իր մարմնի յուրաքանչյուր բջջում։