Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում Ներքին գործերի նախարարության կողմից մշակած և հրապարակված նախագիծը, որով առաջարկվում է նախատեսել հնարավորություն տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու նաև թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում և դրա հիմքով կիրառել վարչական պատասխանատվություն։
Գործող օրենսդրությամբ ոստիկանությունն իրավունք ունի տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու միայն արտաշնչած օդի մեջ ալկոհոլի պարունակության միջոցով անձի (վարորդի) սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում), իսկ թմրանյութ օգտագործած վիճակում վարելու կասկածի (բավարար հիմքերի) առկայության դեպքում նշված փաստի ստուգումն իրականացվում է միայն արյան կամ մեզի միջոցով՝ բժշկական կազմակերպությունների կողմից։
Առաջարկվող փոփոխությունները
Նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել հնարավորություն տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացնելու նաև թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի ստուգում և դրա հիմքով կիրառել վարչական պատասխանատվություն։
Առաջարկվում է՝
-
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը «մաքուր ալկոհոլի» բառերից հետո լրացնել «կամ կենսաբանական ծագման նմուշներում թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի» բառերով: Այն կվերաշարադրվի այսպես՝ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեխնիկական միջոցով սահմանված կարգով իրականացնում է արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի կամ կենսաբանական ծագման նմուշներում թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակության միջոցով վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում).
- 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 126-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելը)՝
- 3-րդ մասում «արյան մեզի մեջ» բառերը փոխարինել «կենսաբանական ծագման նմուշներում (թքի, արյան կամ մեզի մեջ)» բառերով.
- 9-րդ մասում «արյան կամ մեզի մեջ» բառերը փոխարինել «կենսաբանական ծագման նմուշներում (թքի, արյան կամ մեզի մեջ)» բառերով.
- 10-րդ մասը «Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի» բառերից հետո լրացնել «կամ կենսաբանական ծագման նմուշներում (թքի, արյան կամ մեզի մեջ) թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի» բառերով։
1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից հինգերորդ մասերի հատկանիշները`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում` 5 միավոր:
1.1. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցը կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլը ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից չորրորդ մասերի հատկանիշները`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` վեց ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությամբ`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` երկու տարի ժամկետով:
- Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` երկու տարի ժամկետով:
- Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
- (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
- (մասն ուժը կորցրել է 09.12.19 ՀՕ-300-Ն)
- (մասն ուժը կորցրել է 21.12.15 ՀՕ-178-Ն)
- Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.2 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.1 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակություն: Անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող նաև այն դեպքում, երբ նրա արյան կամ արտաշնչած օդի մեջ սույն մասում նշված չափով մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությունը ոստիկանության ծառայողի կողմից տրանսպորտային միջոցը կանգնեցնելուց կամ այդ անձին առնչվող ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, բայց մինչև նրա սթափության վիճակի զննություն անցկացնելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց նրան ազատելը, այդ անձի կողմից ալկոհոլային խմիչք, թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ օգտագործելու հետևանք է:
- Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ: Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:
- «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177-Ն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) վերցնել կենսաբանական ծագման նմուշներ և կատարել փորձաքննություններ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով։»։
Այն կվերաշարադրվի այսպես՝
Ոստիկանությունը, վարչական իրավախախտումները կանխելիս և բացահայտելիս, իրավունք ունի՝
- կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ.
- իրականացնել վարչական ձերբակալում, կիրառել վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված այլ միջոցներ.
- ձերբակալել ոստիկանության պահպանության ենթակա տարածքներ և օբյեկտներ ապօրինի մուտք գործած կամ մուտք գործելու փորձ կատարող անձանց, ստուգել նրանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, վերցնել բացատրություններ, կատարել անձնական զննություն, ինչպես նաև այն իրերի ու առարկաների, տրանսպորտային միջոցների զննություն, որոնց օգնությամբ այդ տարածքները կամ օբյեկտները մուտք են գործել կամ մուտք գործելու փորձ են կատարել.
- ձերբակալել և համապատասխան հիմնարկներ հասցնել նշանակված բժշկական ու դաստիարակչական բնույթի հարկադրական միջոցներից խուսափող անձանց.
- քաղաքացիներից, ինչպես նաև պաշտոնատար անձանցից վերցնել ձերբակալման, անձնական կամ իրերի զննության ժամանակ հայտնաբերված ակնհայտ կեղծիքի հատկանիշներ պարունակող փաստաթղթերը, առանց համապատասխան թույլտվության պահվող քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաները, նյութերը և իրերը.
- վերցնել կենսաբանական ծագման նմուշներ և կատարել փորձաքննություններ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով: