Ամերիկայի Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը քննության է առել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը վերացնելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրության սահմանադրականության հարցը որոշելու մասին դիմումը։ Դատարանից այս որոշման մասին նախորդ շաբաթ հայտնեցին։
Ամերիկյան դատական բարձրագույն ատյանը գործի քննության ժամկետները չի հստակեցրել։ Ըստ ամերիկացի սահմանադրագետների՝ հերթը սույն գործին կհասնի գալիք գարնանը միայն, իսկ վերջնական որոշման հրապարակումը կարող է ձգվել մինչեւ հուլիս։
Նախապատմություն
Դեռ նախագահի թեկնածու Թրամփը խոստացել էր վերանայել ԱՄՆ Մայր օրենքում ամրագրված դրույթը, որը ամերիկյան հողի վրա ծնված յուրաքանչյուր մարդու շնորհում է ամերիկյան քաղաքացիություն, ընդ որում՝ անկախ ծնողների՝ ԱՄՆ-ում գտնվելու իրավական կարգավիճակից։
Նախագահության երկրորդ ժամկետի առաջին իսկ օրը՝ հունվարի 20-ին, նախագահ Թրամփը ստորագրեց գործադիր կարգադրություն՝ վերացնելով ծննդյան հիմքով քաղաքացիության շնորհումը։
ԱՄՆ-ում նախագահի կարգադրությունները ենթաօրենսդրական ակտեր են՝ ուղղված դաշնային գործակալություններին, այսինքն՝ նախագահ Թրամփը պետական մարմիններին կարգադրել էր այդուհետ չճանաչել ԱՄՆ-ում անօրինաբար գտնվող ծնողների նոր ծնված երեխաների ամերիկյան քաղաքացիությունը։
Ցածր ատյանի դատարանները վերջին ամիսներին արդեն իսկ վճռել էին, որ Թրամփի կարգադրությունը չի համապատասխանում Սահմանադրությանը՝ արգելափակելով Թրամփի եւ հանրապետականների որոշման իրականացումը։ Վաշինգտոն նահանգի շրջանային դատավորն, օրինակ, Թրամփի կարգադրությունը «բացահայտորեն հակասահմանադրական» էր կարգել։
Գերագույն դատարանում պահպանողականներն են իշխում
Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը բաղկացած է ինը դատավորից։ Դատավորի թեկնածուին առաջադրում է նախագահը, թեկնածությունն էլ հաստատում Կոնգրեսի վերին պալատ Սենատը։ Պաշտոնավարում են ցկյանս։
Հետաքրքրական է, որ դիմումներ ընդունելու առումով ժուժկալ Գերագույն դատարանը քննության է առել այս գործը։ Ինը դատավորից վեցը պահպանողական հայացքների կրող է, իսկ այդ վեցից երեքը դատավոր է դարձել հենց Թրամփի առաջադրմամբ՝ իր առաջին պաշտոնավարման ընթացքում։ Հանգամանքն ազդե՞լ է Դատարանի որոշմանը, եւ կազդի՞ այն Դատարանի վերջնական որոշման վրա՝ քննարկման դաշտում է։
Ըստ վարչակազմի՝ ծննդյան հիմքով քաղաքացիությունը նախատեսվել է նախկին ստրուկների համար
Ըստ Թրամփի վարչակազմի՝ 1866-ին ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքի ամրագրումը Սահմանադրության մեջ նախատեսված է եղել նախկին ստրուկների, նրանց երեխաների համար։
Գերագույն դատարանում դաշնային կառավարության շահերի ներկայացուցչի՝ Ջոն Սաուերի, համառոտագրում ասվում է. «Ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքի սխալական վերագրումը անօրինական կերպով երկրում գտնվող օտարերկրացիների երեխաներին զգալի վնաս է հասցրել Միացյալ Նահանգներին»։ Շարունակվում է. «Ակնհայտ վնասներից մեկը անօրինական ներգաղթի գրգռմամբ Միացյալ Նահանգների տարածքային ամբողջականության խաթարումն է»։
Ի՞նչ է գրված Մայր օրենքում
1865-ին ԱՄՆ-ում վերջ դրվեց ստրկատիրությանը։ Հաջորդ տարի Սահմանադրության մեջ ներառվեց 14-րդ լրացումը, որի առաջին մասը, մասնավորապես, ասում է.
«Միացյալ Նահանգներում եւ նրա իրավազորության ներքո ծնված կամ նատուրալիզացված յուրաքանչյուր ոք Միացյալ Նահանգների եւ բնակության նահանգի քաղաքացի է…»։
Իրավապաշտպանի խոսքով՝ լրացումը չի վերաբերում միայն նախկին ստրուկներին
Թեեւ իշխանությունը պնդում է, որ Միացյալ Նահանգներում անօրինաբար գտնվող անձանց վրա չի տարածվում Սահմանադրությամբ նշված ԱՄՆ «իրավազորությունը», Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միության իրավական հարցերով պատասխանատու Սեսիլիա Ուենգի համոզմամբ՝ 14-րդ լրացումը վերագրելի է ամերիկյան հողի վրա ծնված յուրաքանչյուր մարդու։
«Նախագահի գործողությունը հակասում է ամերիկյան հիմնարար իրավունքին, որը մեր Սահմանադրության մաս է եղել ավելի քան 150 տարի», – ասել է Ուենգն Al Jazeera-ին՝ մեկնաբանելով Սպիտակ տան ղեկավարի կարգադրությունը։
Համատեքստ
Ծննդյան հիմքով քաղաքացիության սահմանադրականության վիճարկումը տեղավորվում է ԱՄՆ ներգաղթի կանոնների խստացման ավելի լայն պատկերի վրա։
Միացյալ Նահանգներն աննախադեպ ծախսեր է կատարում՝ անօրինական ներգաղթին հակազդելու համար։
Կոնգրեսի կողմից ընդունված եւ նախագահ Թրամփի կողմից խորհրդանշորեն երկրի անկախության օրը՝ հուլիսի 4-ին, ստորագրված «Մի մեծ, հիասքանչ ակտ» անունը կրող օրինագիծը 45 մլրդ դոլար է հատկացրել անօրինական ներգաղթյալների սարսափ հանդիսացող Միգրացիոն եւ մաքսային ոստիկանության ծառայությանը։
Գումարն, ըստ ամերիկյան իշխանությունների, նպաստելու է Ծառայության կատարելագործմանը, գործունեության արդյունավետությանը, նոր սարքավորումների ձեռքբերմանը եւ արտաքսումից առաջ ժամանակավոր պահման ավելի խոշոր հաստատությունների կառուցմանը։
Իրավապաշտպանները մտահոգ են՝ արտաքսումների ընթացքում արձանագրվել են մարդու իրավունքների զանազան խախտումներ՝ արժանապատվության ոտնահարումից մինչեւ արտաքսում երրորդ երկրներ։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.12.2025
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: