Դեկտեմբերի 8-ին ՀՀ վճռաբեկ դատարանը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թ. սեպտեմբերի 11-ի որոշումը բեկանել է եւ վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։ Նախ քրեական գործի մասին:
2022 թ. մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց, մայիսի 13-ին ներգրավվեց որպես մեղադրյալ եւ նրան մեղադրանք առաջադրվեց 2003 թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թ. մայիսի 14-ի որոշմամբ մեղադրյալ Ա. Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը 2 ամիս ժամկետով:
2022 թ. հուլիսի 8-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվեց հանրային քրեական հետապնդում: Նրա հետ էր Էմմա Սարգսյանը, որին մեղադրանք առաջադրվեց այն բանի համար, որ նա 2022 թ. մայիսի 4-ին Երեւանի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, մայիսի 8-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին եւ նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» եւ «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Առաջին ատյանի դատարանի 2022 թ. օգոստոսի 31-ի որոշմամբ Ա.Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխվեց եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց գրավը՝ 15.000.000 ՀՀ դրամի չափով։
Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թ. դեկտեմբերի 21-ի դատավճռով վճռվել է`
«Չալաբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքում եւ դատապարտել ազատության սահմանափակման՝ 2 տարի 6 ամիս ժամկետով, արգելելով Ավետիք Չալաբյանին կազմակերպել հավաքներ, մասնակցել հավաքների եւ այլ հանրային միջոցառումների, ինչպես նաեւ՝ առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը:
ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ հաշվակցելով փաստացի անազատության մեջ գտնվելու 3 ամիս 12 օրը, փաստացի անազատության մեջ գտնվելու մեկ օրը հաշվելով ազատության սահմանափակման երկու օրվա դիմաց՝ մեղադրյալ Ավետիք Չալաբյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատության սահմանափակում՝ 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով՝ արգելելով Ա. Չալաբյանին կազմակերպել հավաքներ, մասնակցել հավաքների եւ այլ հանրային միջոցառումների, ինչպես նաեւ՝ առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության փոխել բնակության վայրը։ Ա. Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել էր մասնակիորեն»:
Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ թիվ ԵԴ/1174/01/22 քրեական գործով 2023 թ. դեկտեմբերի 21-ի դատավճիռը բեկանվել էր եւ գործն ուղարկվել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
12 հատորանոց գործը Վճռաբեկ դատարանում էր այս տարվա փետրվարի 25 -ից:
Դեկտեմբերի 8-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը գործը բեկանել է եւ ուղարկել է ստորադաս դատարան` նոր քննության: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական եւ հիմնավոր չէ. «Բողոքաբերն իր անհամաձայնությունն է հայտնել նաեւ ձայնագրության՝ անհայտ աղբյուրից ձեռքբերված լինելու մասին գնահատականին՝ փաստելով, որ դրա ձեռքբերման աղբյուրը՝ «……» լրատվական կայքն է։ Բողոքաբերն արձանագրել է նաեւ, որ ձայնագրության աղբյուրը կրիչն է, որում այն առարկայացված է, այսինքն՝ անձը չի կարող լինել ձայնագրության աղբյուր՝ հաշվի առնելով, որ ձայնագրությունն անձնային ապացույց չէ, եւ դրանով փաստվող տվյալները չեն վերարտադրվում որեւէ անձի կողմից»: Ըստ վճռաբեկ դատարանի` «Ինչ վերաբերում է «…» լրատվական կայքի տնօրենին ու աշխատակիցներին հարցաքննելու անհրաժեշտությանը, ապա դրանով կարող էր պարզվել ոչ թե ձայնագրության, այլ դրա ձեռքբերման աղբյուրը: Սակայն այս առնչությամբ էլ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ նախաքննության ընթացքում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, մասնավորապես, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին՝ ի թիվս այլնի, իրականացնել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու համար, թե ով է կատարել նշված ձայնագրությունը, ինչ սարքի միջոցով, երբ եւ ում կողմից է այն տրամադրվել «…» լրատվական կայքին, սակայն այդ միջոցառումներն արդյունք չեն տվել։ Ապա նախաքննության մարմինը «…» լրատվական կայքում եւ ֆեյսբուքյան էջերում փնտրելու արդյունքում չհայտնաբերելով կայքի գործունեության, գտնվելու վայրի եւ գլխավոր խմբագրի կամ այդ կայքի վերաբերյալ որեւէ կոնտակտային տվյալ, դարձյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին՝ իրականացնել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու համար «…» լրատվական կայքի գործունեության հստակ հասցեն, նշված լրատվական կայքի գլխավոր խմբագրի, համակարգողի, տնօրենի, դրանում աշխատող լրագրողների անձնագրային տվյալները, ինչպես նաեւ պարզելու համար, թե ով է կատարել նշված ձայնագրությունը, ինչ սարքի միջոցով, երբ եւ ում կողմից է տրամադրվել «…» լրատվական կայքին, ինչ եղանակով եւ ում է տրամադրվել, արդյոք հրապարակված ձայնագրությունը նույնությամբ է տրամադրվել նշված կայքին, թե այն կայքի որեւէ աշխատակցի կողմից կրճատվել կամ տեխնիկական միջոցների կիրառմամբ ձեւափոխվել է»։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.12.2025
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: