Ինչո՞ւ էր Ռոբերտ Քոչարյանն, ի տարբերություն Հեյդար Ալիեւի, առավել զգուշավոր, եւ ինչո՞ւ էր խնդրել գաղտնիություն պահպանել. Ամերիկյան գաղտնազերծումներ

Սկիզբը՝այստեղ:

Ըստ Պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերի` տարածքների փոխանակման գաղափարը բանակցային օրակարգ էր մտել Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ տետ ա տետ հանդիպումների շնորհիվ

Ինչպես հայտնի է, ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել էր փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։

Առաջ անցնելով, նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը մի առիթով նշել էր, որ հայկական կողմը չի համաձայնվել Մեղրին Արցախով փոխանակելուն, իսկ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը բավականին կասկածելի համարելով ամերիկյան փաստաթղթերը, մատնանշել էր, որ որպես «Մեղրին տալու» տարբերակի ապացույց բերվել են միայն ադրբեջանցի, թուրք եւ ամերիկացի դիվանագետների նամակագրության հատվածներ, որոնք ըստ նրա` լի են սուբյեկտիվ կռահումներով եւ ընկալումներով, եւ առաջարկել էլ հրապարակել Քի Ուեսթի փաստաթղթերը: Նա եւս ընդգծել էր` Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չի եղել:

Այսպիսով, Ղարաբաղյան բանակցություններում տարածքների փոխանակման տարբերակը հայտնի է որպես Գոբլի պլան՝ Պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլի անունով։ Հենց նա էր հրապարակ հանել այդ գաղափարը 1992-ին։ Գոբլի առաջարկը պաշտոնական չէր, սակայն ինչպես գաղտնազերծված փաստաթղթերն էին վկայել, այդ հարցը 90-ականների սկզբին արդեն փակ դռների ետեւում սկսել էր քննարկվել ամենաբարձր մակարդակով։ Օրինակ, Թուրքիայի նախագահը դեռ 1992-ին՝ Հայաստանի անկախացումից մեկ տարի անց, այդ առաջարկը դրել է ԱՄՆ-ի նախագահի սեղանին:

Ըստ ամերիկյան գաղտնազերծած փաստաթղթերի` Բուշ-ավագի վարչակազմին այս առաջարկը կարծես չի ոգեւորել։ Անկարան, սակայն, չի մոռացել եւ վերստին այն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ հաջորդ նախագահի՝ Բիլ Քլինթոնի օրոք։ 1997-ին, ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի, Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը զանգահարել է փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին եւ կրկին առաջարկել Ղարաբաղյան հարցը լուծել «սահմանների փոփոխության» տարբերակով. «Օյմենն ասաց, որ խոսել է Թուրքիայի նախկին վարչապետ Էջեւիթի հետ, ով մի գաղափար է առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ տարածաշրջանում սահմանների փոփոխություն, որի դեպքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը կզիջի Հայաստանին, Հայաստանն էլ տարածքային զիջումներ կանի Ադրբեջանին»: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած ռեպորտաժի` Օյմենը պնդել է, թե թուրքական կողմն արդեն քննարկել է այս հարցը ռուսների հետ, եւ հարցրել՝ ո՞րն է Վաշինգտոնի դիրքորոշումը։

Փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է՝ այդ տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից, եւ ոչ թե լուծել, այլ՝ է’լ ավելի խճճել խնդիրը։ Միաժամանակ, Թալբոթը պնդել է՝ եթե ադրբեջանցիները եւ հայերը բանակցությունների միջոցով՝ առանց ուժի գործադրման, որոշեն գնալ այդպիսի լուծման, ԵԱՀԿ ՄԽ-ն ու ԱՄՆ-ն կաջակցեն դրան։

Այդ տարիներին Հայաստանում իշխող վարչակազմը, սակայն, հրաժարվել է քննարկել այդ գաղափարը, ինչի մասին նշվում է 1997-ի սեպտեմբերի դիվանագիտական հեռագրերից մեկում։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, սակայն, ինչպես գաղտնազերծված փաստաթղթերն են վկայել, տարածքների փոխանակման գաղափարը մտել է բանակցային օրակարգ՝ Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիեւ տետ ա տետ հանդիպումների շնորհիվ։

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ էին հայտնվել Պետդեպի գաղտնազերծած մի քանի փաստաթղթեր, որտեղ ամերիկացի դիվանագետներն ու նրանց բարձրաստիճան զրուցակիցները նշում են՝ հենց այդ հանդիպումների արդյունքում՝ 1999-ի սեպտեմբերին, Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է տարածքների փոխանակման Ալիեւի առաջարկին։ Ըստ ամերիկացի դիվանագետների, դա տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Սադարակի հատվածում։ Դա Ալիեւ-Քոչարյան արդեն հինգերորդ հանդիպումն էր 1999-ի ընթացքում, եւ եզակիներից մեկը, որի ավարտին երկու նախագահներն էլ հրապարակավ ասել էին, թե պատրաստվում են գնալ զիջումների։

Մանրամասները պարզվել էին այդ հանդիպումից հետո Վաշինգտոն ուղարկված մի դիվանագիտական հեռագրից, որ կազմել էին այդ ժամանակ Հայաստանում ու Ադրբեջանում աշխատող ամերիկացի դեսպանները։ «Հիմա խաղաղության հեռանկարը շատ ավելի տեսանելի է, քան երբեւէ հակամարտության մեկնարկից՝ 1988-ից ի վեր՝ շնորհիվ նախագահներ Քոչարյանի ու Ալիեւի ջանքերի», – գրել են ամերիկացի դիվանագետները, մանրամասնելով. «Խաղաղության հեռանկարները հիմա շատ ավելի հուսադրող են, քան երբեւէ հակամարտության մեկնարկից ի վեր՝ նախագահներ Քոչարյանի ու Ալիեւի ջանքերի շնորհիվ։ 1999-ի ապրիլին նախագահ Ալիեւը Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանն առաջարկել է տարածքների փոխանակում։ Նախագահ Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է, եւ երկու նախագահները մտել են քննարկումների ակտիվ փուլ՝ Ալիեւի առաջարկների հիման վրա»։

Սադարակում տեղի ունեցած այդ հանդիպումից հետո ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորը ուղերձ էր հղել կողմերին՝ քաջալերելով «ուղիղ երկխոսության արդյունքում ձեռք բերված կարեւոր առաջընթացը»։ Ամերիկայի փոխնախագահի ուղերձում ասվում էր. «Հասկանում եմ, որ այդ բանակցությունները նախատեսում են ոչ հեշտ զիջումներ, որոնց պետք է գնան երկու կողմերը, բայց ես, միաժամանակ, կարծում եմ, որ ձեր որոշումը՝ օգտվել այդ բացառիկ հնարավորությունից, իմաստուն է ու քաջ»։

ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարն էլ այդ օրերին տարածաշրջան էին գործուղել Ղարաբաղյան խնդրով զբաղվող փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին, որը հանդիպել էր նախ Ադրբեջանի, հետո՝ Հայաստանի ղեկավարության հետ, վերջում՝ մեկնել Անկարա։ Հանդիպելով Թուրքիայի նախագահ Դեմիրելի հետ՝ փոխպետքարտուղար Թալբոթը նշել է՝ Բաքվում այս համաձայնությունից այնքան են ոգեւորված, որ տպավորություն է, թե ինչ-որ բան կարող է ստորագրվել դրանից մի քանի շաբաթ անց Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովում։ Փոխպետքարտուղարն անգամ խնդրել էր ԱՄՆ-ի նախագահի ու պետքարտուղարի աշխատանքային գրաֆիկում տեղ պահել՝ Ալիեւ-Քոչարյան հնարավոր համաձայնությանը ներկա լինելու համար։ Սակայն, ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը տարածաշրջանից չէր հեռացել, երբ Հայաստանի խորհրդարանում սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ ղեկավար Կարեն Դեմիրճյանն ու 6 այլ պաշտոնյաներ։

ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն, մասնավորապես, գաղտնի հեռագրերից մեկում պնդել է, թե հոկտեմբերի 27-ի կեսօրին Հայաստանի նախագահականում վարչապետ Վազգեն Սարգսյանը կողմ է եղել Քոչարյանի ու Ալիեւի միջեւ ձեռք բերված համաձայնությանը։ Փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը, մինչդեռ, նույն օրը՝ հոկտեմբերի 27-ին հասնելով Անկարա, Թուրքիայի նախագահին ասել է` Վազգեն Սարգսյանը Քոչարյանի ծրագրերից ամբողջությամբ տեղյակ չէր: «Փոխպետքարտուղարը նախագահ Դեմիրելին ասաց, որ նախագահ Քոչարյանի հետ իր հանդիպմանը վարչապետ Սարգսյանն առաջին անգամ էր լսում Քոչարյան-Ալիեւ քննարկումների որոշ մանրամասներ»։

Թե որոնք են եղել այդ մանրամասները, ըստ «Ազատության», Պետդեպի հեռագիրը չէր հստակեցնում։ Թալբոթը Դեմիրելին միայն փոխանցել է, որ Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն Հեյդար Ալիեւի, առավել զգուշավոր էր եւ հորդորում էր իրեն շատ չշտապեցնել։ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից ժամեր անց Ամերիկայի փոխպետքարտուղարը Թուրքիայի նախագահին հետեւյալն է պատմել հայկական կողմի հետ իր բանակցություններից. «Քոչարյանի զգուշավորության մի մասը իր մտահոգությունն էր, որ ռուսները հնարավոր է՝ ամբողջությամբ տեղյակ չեն իր ու Ալիեւի միջեւ ձեռք բերված առաջընթացից։ Քոչարյանը կհանդիպի Ելցինին նոյեմբերի 5-ին ու կխոսի նրա հետ։ Քոչարյանն անհանգստացած էր՝ հանկարծ այնպես չստացվի, որ Մոսկվային թվա՝ ինքը կամ ամերիկացիներն աշխատում են ռուսների թիկունքում»։

Հայտնելով այս մանրամասները՝ Թալբոթը զգուշացրել է՝ թե’ Ալիեւը, թե’ Քոչարյանը խնդրում են, որ իրենց համաձայնությունը մնա խիստ գաղտնիության պայմաններում։ Դեմիրելը խոստացել էր՝ տեղեկությունը սենյակից դուրս չի գա։ Փոխպետքարտուղարի հետ այդ հանդիպմանը Հայաստանի նախագահը հարց է բարձրացրել նաեւ Իրանի հետ կապերը պահելու անհրաժեշտության վերաբերյալ. «Քոչարյանն ասաց, թե Հայաստանը ուզում է Ադրբեջանի եւ/կամ Թուրքիայի հետ երկխոսության միջոցով ինչ-որ ճանապարհ գտնել՝ երաշխավորելու իր համար կարեւոր առեւտրային կապերն Իրանի հետ։ Դեմիրելը համաձայնեց՝ Ադրբեջանը դա անելու համար կարող է ինչ-որ ձեւ գտնել»։

Բաքվում, սակայն, մտադիր չէին նոր զիջումների գնալ։ Սադարակում տեղի ունեցած հանդիպումից շաբաթներ անց՝ 1999-ի նոյեմբերին, հայր Ալիեւը Վաշինգտոն է գործուղել ներկայացուցչական պատվիրակություն, որի կազմում էին երկրի վարչապետն ու ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը։ Փոխպետքարտուղարի հետ նրանց հանդիպման սղագրությունից ակնհայտ է, որ նրանք Վաշինգտոն էին մեկնել հենց տարածքների փոխանակման տարբերակը քննարկելու. «Ալիեւն ու Ռասիզադեն ասացին, որ դրական հանդիպումներ են ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամում ու Համաշխարհային բանկում, եւ հստակ տպավորություն ստացել, որ երկու կառույցներն էլ պատրաստ են արագորեն գնալ առաջ՝ աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ձեռք բերված խաղաղության համաձայնագրի իրագործմանը»։

Ադրբեջանական կողմը ենթադրել է, թե հայկական կողմը սկսել է դանդաղել Մոսկվայի թելադրանքով։ ԱՄՆ փոխպետքարտուղարը, սակայն, փարատել է այդ կասկածները, պնդելով, թե պատճառը հայաստանյան ներքաղաքական վիճակն է. նախագահ Քոչարյանին անհրաժեշտ է ժամանակ տալ՝ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո իր շուրջը աջակցություն կոնսոլիդացնելու եւ խիզախ որոշումներ կայացնելու համար։ Պետդեպի փաստաթղթի հաջորդ նախադասությունը գաղտնազերծում է՝ ինչ էր քննարկման սեղանին. «Իլհամ Ալիեւը նշեց, թե հասկանում է՝ որքան դժվար է ղարաբաղցի հայի՝ Քոչարյանի համար, հրաժարվել Մեղրիի շրջանից»։

Ամիսներ անց, երբ այս հարցն արդեն ԱՄՆ-ի պետքարտուղարն ու ՌԴ-ի ԱԳ նախարարն են քննարկել, Մադլեն Օլբրայթը հորդորել է Մոսկվային՝ համոզել Հայաստանին, թե այս գործարքը լավ է տարածաշրջանի անվտանգության համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Իվանովը ի պատասխան նույն փաստարկն է բերել՝ Քոչարյանի դիրքերը թուլացել են հոկտեմբերի 27-ից հետո. «Իվանովն ասաց, որ ինքը երկար զրուցել է թե’ Քոչարյանի, թե’ Ալիեւի հետ այս հարցերի շուրջ։ Քոչարյանն անկեղծ էր, երբ ասում էր, թե իրեն ներքին կայունություն է պետք նման կարեւոր համաձայնություն կայացնելուց առաջ, նա կարծում է, որ չունի այն աջակցությունը, որը վայելում էր մինչ սպանությունները։ Չնայած այն փաստին, որ Երեւանն ավելի շատ տարածք է ստանում այս գործարքով, նրանք կարծում են, որ այն իրենց թողնում է երեք կողմից թուրքերով ու նրանց մերձավոր զարմիկներով շրջապատված, մինչդեռ Վրաստանն անկայուն վիճակում է»։ Ըստ այդ համաձայնության, հայկական կողմը պետք է դուրս գար ԼՂ-ի շրջակա բոլոր տարածքներից՝ բացառությամբ Լաչինի։

Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի համաձայն` միջնորդները հոգ էին տարել նաեւ Ղարաբաղին տեղյակ պահելու մասին։ 1999-ի դեկտեմբերին՝ Սադարակի հանդիպումից մոտ երկու ամիս անց, Մինսկի խումբը, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի խնդրանքով, այցելել է Ստեփանակերտ՝ համոզվելու, որ ղարաբաղյան կողմը համաձայն է լուծման այդ տարբերակին։ Ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն զրույցի մանրամասներն օրեր անց հեռագրել է Վաշինգտոն. «Արկադի Ղուկասյանն անմիջապես հաստատեց, որ ինքը լիովին աջակցում է Քոչարյան-Ալիեւ գործարքին, եւ ես խոստացա փոխանցել դա Ադրբեջանի նախագահին»։

Դիվանագիտական փաստաթղթերը, միաժամանակ, վկայում են, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո Հայաստանի նախագահն առավել հաճախ է հղում արել ներքին անկայունությանն ու Իրանի հետ սահմանը պահելու անհրաժեշտությանը՝ հորդորելով հավելյալ ժամանակ տալ իրեն։ 2000թ. հունվարին արդեն, ըստ Պետդեպի փաստաթղթերի, Ռոբերտ Քոչարյանը Դավոսում՝ Ալիեւի հետ առանձնազրույցում, նոր պահանջ է դրել սեղանին՝ անակնկալի բերելով ոչ միայն ադրբեջանցի գործընկերոջը, այլեւ համանախագահող երկրներին։ Այդ մասին Հեյդար Ալիեւը պատմել է Ադրբեջանում Ամերիկայի դեսպան Սթենլի Էսկուդերոյին 2000-ի փետրվարին. «Ընդգծելով հայ-իրանական սահմանի ծայրաստիճան կարեւորությունը՝ Քոչարյանն առաջարկել է տալ Մեղրին եւ կորցնել այդ սահմանը, ինչպես ի սկզբանե պայմանավորվել էին Նախիջեւանում, եթե Թուրքիան համաձայնի քննարկել 1915-16թթ. ցեղասպանությունը»։

Որ Հայաստանի նախագահն այդ փուլում նման հարց է դրել, նշել է նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Քերի Քավանոն Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո Վաշինգտոն ուղարկված հեռագրում. «Ավելի վաղ հեռախոսով տեղեկություններ ստանալով Երեւանից՝ Ղուկասյանը կրկնեց Քոչարյանի փաստարկները, թե անհրաժեշտ է ժամանակ տալ, մինչ Հայաստանը փորձում է ստիպել Թուրքիային ընդունել իր մտահոգությունները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ»։

Ի դեպ, ԱՄՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Սեստանովիչը 2000թ. գարնանը կարծիք էր հայտնել, թե Քոչարյանը մեծ կարեւորություն է տալիս Ռուսաստանում սպասվող նախագահական ընտրություններին եւ կցանկանա առաջ գնալ Պուտինի ակնկալվող ընտրությունից հետո։

Հայաստանի երկրորդ նախագահը, սակայն, թե’ այդ օրերին, թե’ դրանից տարիներ անց հաստատակամորեն պնդում էր՝ ինքը ի սկզբանե եւ աներկբա մերժել է տարածքների փոխանակման գաղափարը։ «Խոսքը միայն կոմունիկացիաների մասին էր, երբեք չի եղել տարածքների փոխանակման տարբերակ սեղանին։ Քննարկվել է հետեւյալ սկզբունքը, օրինակ՝ տարածքային փոխանակումը ընդունելի՞ է։ Ասում ես՝ ոչ, դրանով կորցնում ենք ռազմավարական սահմանը Իրանի հետ։ Վերջ, սրանով ավարտվում է։ Հողերը հայկական հողերով ես չեմ փոխում», – ասել էր նա 2008թ. փետրվարի 16-ին հեռուստաընկերություններին տված հարցազրույցում։

Ինչպես «Ազատությունն» է նշել, այն, որ եղել է նման խոսակցություն՝ 2000թ. փետրվարին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Բերդեննիկովն է պատմել ամերիկյան կողմին՝ Բաքու եւ Երեւան այցելելուց հետո. «Քոչարյանը նրան ասել է՝ եթե Դեմիրճյանն ու Սարգսյանը ողջ լինեին, նա կկարողանար առաջ տանել այդ համաձայնությունը, սակայն առանց նրանց դա անհնար է. այդ գործարքի դեմ քննադատությունն աճում է քաղաքական դաշտի աջ հատվածից ու նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի աջակիցների շարքերից։ Բերդեննիկովը նաեւ ասաց՝ Քոչարյանն իրեն փոխանցել է, որ ինքը կկարողանար այս գործարքը գլուխ բերել, եթե ինչ-որ սահմանային կապ լիներ Իրանի հետ, հակառակ դեպքում ինքը կորած է։ Ինչ վերաբերում է Թուրքիային, Քոչարյանն ասաց, որ Թուրքիայի կողմից ցեղասպանությունը քննարկելու մերժումը կբերի որպես պատրվակ Բաքվի մոտ՝ համաձայնությունից հրաժարվելու համար»։

Նույն այդ օրերին, երբ համանախագահ երկրների բարձրաստիճան դիվանագետները Վաշինգտոնում, Փարիզում ու Մոսկվայում քննարկում էին՝ ինչու է Քոչարյանը ետ կանգնում սկզբնական պայմանավորվածություններից, Հայաստանի արտգործնախարարը Երեւանում պնդում էր՝ «տարածքների փոխանակման առաջարկություն հնչել է, բայց Հայաստանի կողմից դա որեւէ կերպ չի ընդունվել կամ արձանագրվել որպես սեղանի վրա եղած առաջարկ»։

Հավելենք նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը այս տարի փետրվարին հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ ինքը Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերից է իմացել, որ Թուրքիան ինչ-որ դերակատարություն ուներ բանակցություններում, Թուրքիան որեւէ կերպ չի երեւացել։

Ինչ վերաբերում է գաղտնազերծված փաստաթղթերում առկա Թալբոթի այն հայտարարություններին, թե Դեմիրելն ասել է՝ Վազգեն Սարգսյանը տեղյակ չի եղել այդ բանակցությունների մանրամասներից, Քոչարյանն ասել էր. «Միայն Դեմիրելի պատմելուց ասում էր՝ Վազգեն Սարգսյանը տեղյակ չէր որոշ մանրամասնություններին: Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամեն ինչից: Վազգեն Սարգսյանը ՀՀ վարչապետն էր, որն ուներ մեծամասնություն խորհրդարանում: Որեւէ լուծում հնարավոր չէր այն ժամանակ իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի: Ինքը Թալբոթի հետ հանդիպմանը մասնակցել է առաջին վայրկյանից մինչեւ վերջ»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
12.12.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment