Եվրոպական ուղին տարբերա՞կ է Հայաստանի համար. «Ազգ»

Հայաստանում երկար տարիներ, իրականում տասնամյակներ շարունակ վիճարկման խնդիր է եղել պարզելու, թե արդյոք հնարավո՞ր է ինտեգրվել Երոմիությանը կամ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ պետություն:

Չպետք է մոռանանք, որ Վրաստանը, Ուկրաինան եւ մի շարք այլ պետություններ բավական երկար ու բարդ ճանապարհ են անցել եւ դեռ չեն դարձել ԵՄ անդամ` հիմնականում Ռուսաստանի ընդդիմության հետեւանքում: Ռուսաստանը եվրոինտեգրումը դիտարկում է որպես ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկար եւ հարատեւորեն ընդդիմանում ՆԱՏՕ-ի սահմանների ընդարձակմանը դեպի իր սեփական սահմանները: Ռուս-վրացական եւ ռուս-ուկրաինական պատերազմները, լարվածություններն ու հարաբերությունների բարդացումները հենց դրանից են բխում:

Բայց ի հակադրություն Վրաստանի եւ Ուկրաինայի, Հայաստանը ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ, եւ այդ առումով Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին չի կարող դիտվել որպես անմիջական սպառնալիք Ռուսաստանին:

Պետք է չմոռանալ, որ Հայաստանը ընդհանուր սահման չունի Եվրոմիության երկրների հետ, ինչը վստահաբար դժվարացնելու է ինտեգրումը: Սակայն Հայաստանը սահմանակից է Թուրքիային, եւ այդ սահմանի բացումը կարող է էական դերակատարություն ունենալ ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին Հայաստանի հնարավոր ինտեգրմանը: Մյուս կողմից Հայաստանի հարեւան բոլոր պետությունները հակված են որոնելու ինտեգրման այլ ուղղություններ կամ տարբերակներ: Դրանց թվում կարելի է նշել մասնավորապես համագործակցությունը Չինաստանի հետ եւ անդամակցությունը կամ սերտ հարաբերությունների մշակումը BRICS-ի կամ Շանհայի համագործակցության կազմակերպության հետ:

Նման հեռանկարի պարագայում Հայաստանը միայնակ է մնում իր եվրոպական ձգտումներով, ինչը է՛լ ավելի է բարդացնում ինտեգրման ե՛ւ հեռանկարը, ե՛ւ իրագործումը: Հետեւաբար, մոտակա ժամանակներում Հայաստանը հավանաբար հնարավորություն չի ունենալու նախաձեռնել ինտեգրման որեւէ գործընթաց, հատկապես եթե հաշվի առնենք իր հարեւանների, մասնավորապես Ռուսաստանի եւ Իրանի շահերը:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment