Գալուզինը Բաքվում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

10 Դեկտեմբերի, 2025

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Բաքու կատարած այցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, ասված է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ։

Նախարարությունը պարզաբանել է, որ Գալուզինը խորհրդակցություններ է անցկացրել իր ադրբեջանցի գործընկեր Սամիր Շարիֆովի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։

«Մանրամասն քննարկվել են մի շարք տարածաշրջանային հարցեր, դրանց թվում՝ ադրբեջանա-հայաստանյան հարաբերությունների կարգավորումը և Ռուսաստանի հնարավոր աջակցությունը այս գործընթացին՝ հիմնվելով 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի մի շարքի վրա։ Վերահաստատվել է Կասպյան հնգյակի շրջանակում բազմակողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը։ Արտահայտվել է փոխադարձ հետաքրքրություն 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի (Ռուսաստան-Իրան-Թուրքիա գումարած Ադրբեջան-Հայաստան-Վրաստան) անխափան գործունեության պահպանման հարցում՝ Հարավային Կովկասի խնդիրների կարգավորումը այնտեղ գտնվող երկրների և նրանց անմիջական հարևանների կողմից ապահովելու համատեքստում»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Leave a Comment