Բռնցքամարտի ԱԱ․ Չալոյանը, Հովհաննիսյանն ու Գարբոյանը ևս կիսաեզրափակիչում են

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը շարունակում է տպավորիչ ելույթները։ Մեր ընտրանու ևս երեք ներկայացուցիչ՝ Ռաֆայել Հովհաննիսյանը, Դավիթ Չալոյանը և Ռուդոլֆ Գարբոյանը, հաղթահարել են քառորդ եզրափակչի արգելքը՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ։

Ռաֆայել Հովհաննիսյանը շատ ծանր ու պայքարով լեցուն մենամարտում կամային հաղթանակ է տարել Էկվադորի ներկայացուցչի նկատմամբ։ Այս հաղթանակով Հովհաննիսյանը ոչ միայն ապահովել է մեր հավաքականի 3-րդ մեդալը, այլև իր կարիերայում առաջին անգամ դուրս է եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

Աշխարհի առաջնության պատվո հարթակ է վերադառնում գյումրեցի Դավիթ Չալոյանը։ 2021 թվականի աշխարհի փոխչեմպիոնը քառորդ եզրափակչում նկատելի առավելությամբ հաղթանակի է հասել բռնցքամարտի հարուստ ավանդույթներ ունեցող Ղազախստանը ներկայացնող մարզիկի նկատմամբ։ Չորս տարվա դադարից հետո Չալոյանը կրկին մեդալակիր է՝ ապահովելով Հայաստանի 4-րդ ուղեգիրը դեպի կիսաեզրափակիչ։

Հաջողության է հասել նաև Ռուդոլֆ Գարբոյանը, ով քառորդ եզրափակչում ուժեղ է գտնվել Կուբայի ներկայացուցչից։ Հաղթելով ուժեղագույն մրցակցին՝ Գարբոյանը նույնպես դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Այսպիսով, Հայաստանի հավաքականն այս պահի դրությամբ ունի կիսաեզրափակչի 5 մասնակից (ներառյալ ավելի վաղ ուղեգիր նվաճած Արթուր Բազեյանին և Հովհաննես Բաչկովին)։

Leave a Comment