Գիտեմ՝ ախորժակը մեծ է, բայց մնանք 70 միլիոնի շրջանակում. Տիգրան Ավինյան

Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Ղարիբյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեց, որ մանկապարտեզներում նոյեմբերի 26-ից մեկնարկել է 3-6 տարեկան երեխաների հուզական եւ մտավոր կարողությունների զարգացման նոր փորձնական ծրագիր, որում ներառված է 184 երեխա:

Նա նաեւ նշեց, որ մանկապարտեզների 15 մասնագետներ անցել են համապարփակ վերապատրաստություն: Հավելեց, որ մոտակա օրերին կսկսվի Վեքսլերի թեստի կիրառումը, իսկ ծրագրի արդյունավետ գնահատման արդյունքում հնարավորություն կտրվի հասկանալ երեխաների կարիքները , նույնականացնել աջակցության եւ զարգացման կարիք ունեցող ոլորտները, գտնել խնդիրների լուծման տարբերակներ: Գեւորգ Ղարիբյանը տեղեկացրեց, որ հետագայում հնարավոր է ծրագիրը ներդրվի բոլոր մանկապարտեզներում:

Ի թիվս այլնի, Ավինյանին զեկուցեցին Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին: Քաղաքապետի խորհրդական Սոնա Թեւանյանի ձեւակերպմամբ, գործընթացներում առաջընթաց կա, խոսքը վերաբերվում է Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցմանը, Կասկադ մշակութային հանգույց նախագծի իրականացմանն ուղղված պայմանագրի ստորագրմանը՝ ներդրողի հետ, որի հիման վրա կկարգավորվեն կողմերի իրավահարաբերությունները: Նա ասաց, որ նախատեսվում է կնքել հարակից հատվածի հողամասի առք ու վաճառքի պայմանագիրը: Նշվեց, որ ծրագրի իրականացման ժամկետը 5 տարի է:

«Շատ կարեւոր պայմանագիր ենք ստորագրել, շատ բարդ գործընթացներով անցած տասնամյակների խնդիր ենք լուծում: Ոչ միայն խնդիր ենք լուծում քաղաքաշինական, այլեւ քաղաքի համար ստեղծում ենք շատ կարեւոր ենթակառուցվածք: Քաղաքը ստանում է 1000-ից ավելի տեղանոց գեղեցիկ համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարանի տարածքներ, տարատեսակ հանրային տարածքներ, որոնք ոչ թե քաղաքապետարանինն են, այլ քաղաքինը:

Ես գիտեմ, որ ախորժակը շատ մեծ է, բայց այնուամենայնիվ պետք է հիշեցնեմ, որ մենք ունենք պայմանագրային որոշակի տրամաբանություն ֆինանսական, թե ինչքան գումար է ծախսվելու մշակութային հանգույցի վրա, դրա համար խնդրում եմ փորձենք մնալ մոտ 70 միլիոնի շրջանակներում: Նախնական 50-ից դարձրել ենք 70-ի կարգի»,-ասաց Ավինյանը:

Հիշեցնենք, որ Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման իրավունքի շնորհման բաց մրցույթում հաղթող էր ճանաչվել «Ջի Թի Բի Դիվելոփմենթ», «Ռեալ Ջի», «Կարգո Սըլուշն բրոքերեյջ», «Կարգո Էքսպրես Ջորջիա» ՍՊԸ-ներից կազմված կոնսորցիումը, որի անունից հանդես է գալիս «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն: Վերջինս հաղթող է ճանաչվել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի կողմից, որի նախագահը նույնպես Տիգրան Ավինյանն է։

«Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին։ Դրա իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է, որը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ Իսկ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացված է Երեւանի ավագանիում, ավելին՝ 2023-ի ավագանու ընտրություններից հետո համագործակցության հուշագիր է ստորագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։«Ռեալ Ջի» ՍՊԸ-ն եւս Գրիգոր Տեր-Ղազարյանինն է։ Այն հիմնադրվել է 2025թ․ փետրվարի 4-ին։ Ի դեպ, Գրիգոր Տեր-Ղազարյանը նախկինում դատապարտված է եղել խարդախության համար:

 Տեսանյութն ավելի ուշ

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment