Սոփիկո Ճիաուրելի-Մհեր Մկրտչյան․ մի բացառիկ բարեկամության «անծանոթ» պատմություն

Թբիլիսիում բացվել է «Անծանոթ պատմություններ» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Վրաստանի ու Հայաստանի ժողովրդական արտիստ Սոփիկո Ճիաուրելիի և Հայաստանի ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակին։ Միջոցառումը կազմակերպել են Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի փոխնախագահը՝ Վրաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։

Սոփիկո Ճիաուրելիի – Մհեր Մկրտչյան․ բացառիկ մի բարեկամություն, որի մասին անվերջ պատմություններ կարող են հիշել Հայաստանում և Վրաստանում։ Հայ-վրացական միջմշակութային համագործակցության շրջանակներում Թբիլիսիում բացվել է այս երկու մեծանանուն դերասանների բարեկամությունը  խորհրդանշող, հանրությանը ոչ այնքան հայտնի լուսանկարների ցուցահանդես։

Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը ասում է Սոփիկո Ճիաուրելի և Մհեր Մկրտչյանի հարաբերությունները հայ-վրացական բարեկամության հատուկ օրինակներ են։

«Ընդհանրապես հայ և վրացի հասարակություններում միշտ խոսվել է ավելի շատ Ֆրունզիկ Մկրտչյան և Վախթանգ Կիկաբիձե բարեկամության մասին, բայց այս բարեկամությունը մի տեսակ կարծես թաքնված է եղել։ Իրականում սա նույնպես բացառիկ և խորը բարեկամություն էր, և կարծում եմ՝ դա իր փայլը գտավ առավելապես «Կտոր մը երկինք» ֆիլմի միջոցով, երբ Սոֆիկո Ճիաուրելին հայ կնոջ կերպարն էր խաղում իր բացառիկ տաղանդով»։

«Կտոր մը երկինք» ֆիլմում հայ կնոջ դերի համար Սոփիկո Ճիաուրելին արժանանում է մրցանակի՝ վերջնականապես գրավելով հայ հանդիսատեսի սիրտը․   

«Կարծում եմ այդ ժամանակ, թե հայ, թե վրացի հասարակությունը, թե ընդհանրապես նրանք, ովքեր այդ ֆիլմը տեսել են, հասկացան երկու ժողովուրդների՝ հայի ու վրացու աչքերի թախիծն ու խորությունը յուրովի ընկալելու այդ ունակությունը, այն ավանդույթները և այն ժողովրդական դիցաբանությունը, որ ունենք մենք՝ երկու ժողովուրդներս»։

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Էկա Ճիճինաձեն «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է․

«Ես անկեղծ ասեմ՝ Ֆրունզիկին (Մհեր Մկրտչյանին՝ խմբ) բոլորը գիտեն Թբիլիսիում փողոցում, եթե հարցնես՝ ով էր Ֆրունզիկը, կսկսեն «Միմինոյից» թևավոր դարձած խոսքեր հիշել։ Բայց շատերը հավանաբար չգիտեն Ֆրունզիկ-Սոփիկո բացառիկ բարեկամության մասին, որ իրական սեր էր մեր հարաբերություններում»։

Մշակութային գործիչ Դավիդ Բեժիտաշվիլին տևական ժամանակ ընտանեկան արխիվներից, ֆիլմերից դուրս մնացած հատվածներից հավաքել է լուսանկարներ, որոնցում երկու մեծանուն դերասանները պատկերում են տալիս իսկական հային ու վրացուն՝ այնքան ուրախ ու տխուր, այդքան մոտ ու նման միմյանց․ 

«Սոփիկոն և Ֆրունզիկն արել են ամեն ինչ հայ-վրացական հարաբերությունների համար։ Տարիներ են անցել, մենք հիմա նորովի ենք տեսնում այդ բացառիկ բարեկամությունը լուսանկարների միջոցով, որոնք  որևէ երկրի արխիվում չի պահպանվել»։

Սոփիկոն սիրում էր Հայաստանն ու հայերին։ «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը հիշում է՝ նույնիսկ վրացի ֆուտբոլային մեկնաբան, հանրահայտ Կոտե Մախարաձեի հետ դերասանուհու հանդիպումը տեղի է ունեցել Երևանում․

 «Կոտեն հավանում էր, Սոփիկոյին։ Ինձ զանգում է Երևան։ Սոփիկոն ասել էր՝ կհանդիպեմ քեզ, բայց միայն Երևանում»։

Մեծ արտիստների մեծ բարեկամություն էր Մհեր Մկրտչյանի, Արմեն Ջիգարխանյանի, Սերգեյ Փարաջանովի հետ, հիշում է  Սոփիկո Ճիաուրելիի որդին՝ Նիկոլոզ Շենգելիան։ Մանկության տարիներին նա հաճախ է նկարահանումների գնացել մոր հետ․

 «Ինչպես Ֆրունզիկն էր ասում՝ մենք բարեկամներ չենք, եղբայրներ ենք, որ կողք կողքի եղբայրաբար արարում ենք դարեր շարունակ ինչ խոսք, մայրս և Ֆրունզիկը և մյուս մեր մեծերը ավելի են ամրապնդել այդ եղբայրությունը, որը պիտի պահպանենք։ Նրանք հայ-վրացական հարաբերությունների սիրո դեսպաններն էին»։ 

«Մենք եղբայրներ ենք, խենթ եղբայրներ…», — հենց այսպես է իր վերջին հարցազրույցներից մեկում հայերի և վրացիների հարաբերությունները բնորոշել ինքը՝ Մհեր Մկրտչյանը կամ Ֆրունզիկը, ինչպես ժողովուրդն էր սիրով անվանում նրան։

Leave a Comment