ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ հանդիպմանը ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը խոսել է տարածաշրջանային վերջին փոփոխությունների ու դրանց ընձեռած հնարավորությունների մասին։ Նա մասնավորապես կարևորել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված հայ-ադրբեջանական համաձայնությունը։ Այդ մասին Վիեննայում խոսել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ի տարբերություն միջազգային հարթակներում խաղաղության մասին ելույթների, իր երկրում դարձյալ հայտարարել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի մասին։
ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպումից հետո մեր տարածաշրջանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ՝ Վիեննայում նույն խորհրդի 32-րդ նիստին ելույթում ասել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա շեշտել է հատկապես այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունը․
«Որպես ամենանշանակալին այն է, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարները, վերջինս՝ որպես վկա, ստորագրեցին հռչակագիր, որը խաղաղություն հաստատեց ԵԱՀԿ պատասխանատվության գոտու ամենաանկայուն և պատերազմից տուժած տարածաշրջաններից մեկում: Հայաստանն ու Ադրբեջանը նաև նախաստորագրել են ՀՀ և ԱՀ միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։ Նույն՝ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում մենք համաձայնեցինք համատեղ դիմելու ԵԱՀԿ գործող նախագահին՝ առաջարկելով լուծարել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցները, ինչը պաշտոնապես նշանավորեց հակամարտության ավարտը»։
Աշխարհն էականորեն փոխվել է Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրումից հետո։ Հակառակ բոլոր դժվարություններին՝ եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքները, ըստ Արարատ Միրզոյանի, շարունակում են միտված լինել կիրառելի և կենսունակ միջազգային շրջանակի ապահովմանը։
«Այսօր գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքներն ավելի քան երբևէ արդիական են»։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի համաձայնության կարևորության մասին խոսել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա ասել է, որ տարբեր ուղղություններով՝ կառավարական, խորհրդարանական և քաղհասարակության մակարդակներում, քայլեր են արվում, միջոցառումներ կազմակերպվում՝ խթանելու խաղաղ գործընթացը։
Սակայն միջազգային հարթակներում ադրբեջանական հայտարարությունները ծայրահեղորեն տարբերվում են այդ երկրի իրական նպատակներից։ Բաքվում անցկացվող «Մշակութային ժառանգություն և վերադարձի իրավունք» միջազգային համաժողովի ժամանակ Ալիևը կրկին կիրառել է ձևակերպումներ, որոնք հեռու են խաղաղություն հաստատելու մասին հայտարարություններից։ Նա ասել է, թե իբր ադրբեջանցիների նախնիների հողերում, մեջբերման սկիզբը, «հայերի վերաբնակեցումից հետո՝ 1905 թվականից մինչև 1991 թվականը, ադրբեջանցիների կոտորածների և անօրինական վերաբնակեցման պատճառով հարյուր հազարավոր ադրբեջանցիներ լքել են իրենց հայրենիքը և ապաստան գտել Ադրբեջանում»,— մեջբերման ավարտը։
Ալիևը համաժողովի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որպեսզի, իր ձևակերպմամբ, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի խաղաղասեր անդամները վերադառնան իրենց նախնիների երկիր։
Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մասին լրագրողի հարցին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պատասխանել է․
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի նոր արած հայտարարություններին, ես, բնականաբար, ոտքի վրա, հիմա այդ հայտարարությանը որևէ կերպ չեմ անդրադառնա, քանի դեռ ինքս այդ հայտարարության բովանդակությանը չեմ ծանոթացել»։
Հովհաննիսյանն ասել է, որ ադրբեջանական կողմի հետ բազմաթիվ հարցեր են քննարկում, սակայն փախստականների վերադարձի թեման առհասարակ առաջ չի քաշվել։ Նա վստահեցրել է, որ իրենք առաջ են շարժվում՝ ելնելով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից։