ՔԿ․ Բացահայտվել է 2018-ին Մայր Աթոռի դիվանատանը մարիխուանա իրացնելու դեպք

ՔԿ․ Բացահայտվել է 2018-ին Մայր Աթոռի դիվանատանը մարիխուանա իրացնելու դեպք

5 դեկտեմբերի 2025 – 18:29 AMT

PanARMENIAN.Net – Քննչական կոմիտեի նախագահը, ամփոփելով հիմնական մասնագիտական ստորաբաժանումների գործունեությունը, հանձնարարել է վեր հանել ու քննության առնել նախկինում չբացահայտված քրեական գործերը:

Նշվում է, որ ի թիվս այդ գործերի բացահայտվել է 2018-ին Մայր Աթոռի դիվանատանը մարիխուանա իրացնելու դեպք։

«Այս գործընթացի շրջանակում ընթացք է տրվել մի շարք հին քրեական գործերի՝ ներառյալ Վահրամ Խորխոռունու սպանության, ՊՆ-ին պատկանող գույքի և Երևանում՝ Իսակովի պողոտայի ու «Եռաբլուր պանթեոն»-ի հարակից հողերի ապօրինի օտարման, ինչպես նաև Գյումրիի նախկին համայնքապետի՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և իր տեղակալների, որդու ու վերջինիս ընկերոջ մասնակցությամբ փողերի լվացման դեպքերին:

Այս համատեքստում, հատկապես կարևոր գործերով զբաղվող քննչական գլխավոր վարչությունում վեր հանված և ուսումնասիրված է եղել նաև 2018 թվականի հուլիսի 20-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված գործը, որը վերաբերում է անհայտ անձի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան ընդունարանում Հ.Ա.-ին ապօրինի «Մարիխուանա» տրամադրելուն:

Քրեական վարույթի ընթացքում իրականացված քննչական ու ապացուցողական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի հանգամանքները և հայտնաբերվել հանցանքը կատարած անձանց շրջանակը: Մասնավորապես՝ Ս.Խ.-ն պայմանավորվել է իր ենթակայությամբ ծառայող սարկավագ Ս.Տ.-ի և մինչ այժմ չհաստատված մեկ այլ անձի հետ, ովքեր 2018 թվականի հուլիսի 7-ին՝ միասին գործելով, Մայր Աթոռի տարածքում՝ դիվանատան ընդունարանում, Հ.Ա.-ին ապօրինի տրամադրել են «Մարիխուանա»՝ հետևյալ եղանակով։ Ս.Խ.-ի հանձնարարությամբ քարտուղար Ս.Տ.-ն լուսանկարել է Հ.Ա.-ին պատկանող ուսապայուսակը և լուսանկարը «Վայբեր»-ով փոխանցել է Ս.Խ.-ին։ Դրանից հետո, հանցավոր խմբի անդամները նույն ուսապայուսակի մեջ տեղադրել են «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ ապահովելով դրա ապօրինի փոխանցումը։

Հանցանքը կատարելուց հետո՝ Ս.Խ.-ի հանձնարարությամբ Ս.Տ.-ն զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին՝ հաղորդելով, որ ակցիայի մասնակիցների մոտ կասկածելի իրեր կարող են լինել, և ուղարկել է լուսանկարը, ինչից հետո ոստիկանները ուսապայուսակում հայտնաբերել են արդեն տեղադրված թմրամիջոցի փաթեթը։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին վարույթ իրականացնող մարմինը միջնորդել է դատախազին՝ Ս.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել՝ 2003 թվականի ՔՕ-ի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, որոնք համապատասխանում են նոր ՔՕ-ի 393-րդ հոդվածի համապատասխան մասերին:

Նույն օրը դատախազը հաստատել է միջնորդությունը և որոշում կայացրել՝ Ս.Խ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում:

Նա նույն օրը ձերբակալվել է՝ դատարան ներկայացվելու նպատակով։ Դատարանին ներկայացված է եղել նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն, որը բավարարվել է»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։

Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, ինչպես նաև մյուս մասնակիցների արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է։ Որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։Նա ձերբակալվել էր դեկտեմբերի 4–ին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում։ Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Արշակ սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանն ասել էր, որ նրա դեմ ուղիղ ցուցմունք չկա։

Leave a Comment