Խորհրդարանը քննարկել է օտարեկրացիներին տրամադրվող կարգավիճակները թվայնացնելու հարցը։ Փոփոխություններ են առաջարկվում նաև կացության կարգավիճակի համար վճարվող տուրքի վերաբերյալ։ Փոփոխություններ են նախատեսվում նաև աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակ տրամադրելու վարույթում։
Ներքին գործերի նախարարությունում շարունակվում է թվայնացման գործընթացը։ Խորհրդարանում քննարկվում է օտարերկրացիներին տրամադրվող կացության բոլոր կարգավիճակները թվայնացնելու մասին օրենսդրական նախագիծը։ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանն ընդգծում է՝ 2022–ից օտարերկրացիներին աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու վարչական վարույթը իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ Այժմ առաջարկվում է ամբողջությամբ թվայանցնել նաև օտարերկրացիներին տրամադրվող կացության բոլոր կարգավիճակները՝ ժամանակավոր, մշտական, ինչպես նաև բոլոր հիմքերը՝ ուսման, ձեռնարկատիրական գործունեության։

«Համապատասխանեցրել ենք, ըստ էության, կացության կարգավիճակների չափանիշները եվրոպական ստանդարտներին։ Այժմ մենք կունենանք ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակներ։ Հստակեցվել են նաև այդ կացության կարգավիճակների հիմքերը՝ սահմանելով, որ հատուկ կացության կարգավիճակին բնորոշ ազգությամբ հայ լինելը և նշանակալի ներդրում ունենալը տնտեսության և այլ ոլորտներում կսահմանվեն որպես մշտական կացության կարգավիճակի հիմքեր»։
Փոփոխություններ են նախատեսվում աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակ տրամադրելու վարույթում։ Փոխնախարարը բացատրում է՝ գործող կարգավորումներով՝ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը պետք է գործատուին առաջարկի ՀՀ քաղաքացի գործազուրկի թեկնածություն։ Փորձը վերլուծել են ու հետևյալ պատկերը ստացել․
«Պրակտիկան կիրառվել է շուրջ 3 տարի։ Ըստ էության՝ մենք տեսել ենք, որ 18․000–ից ավելի վարույթների ընթացքում սա կիրառվել է շուրջ տասն անգամ․ ըստ էության՝ չգործող պրակտիկա է։ Եվ մենք այս փոփոխություններով առաջարկում ենք դա վերացնել։ Փոխարենն առաջարկում ենք ներդնել քվոտավորման համակարգ ըստ կացության կարգավիճակների տեսակների և հիմքերի և սահմանել լիազորող նորմ, որով կառավարությունը յուրաքանչյուր տարի պետք է անդրադարձ կատարի քվոտավորման համակարգին»։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանն ընդգծում է՝ նախագիծը միտված է օտարկերացու աշխատանքի թույլտվության համակարգի լավարկմանը։ Պատգամավորը կարևորում է հատկապես ներքին աշխատաշուկայի պաշտպանությունը և հարցնում․
«Պաշտպանելու իմաստով Դուք նաև Ձեր զեկույցում նշեցիք, որ ներքին աշխատաշուկայի վերլուծությամբ՝ գործազուրկին առաջարկելու գործիքը հանում եք, քանի որ չի գործում։ Սա լավ հիմնավորում չէ։ Հիմա ես ուզում եմ՝ Դուք պատասխանեք՝ դրա անհրաժեշտությունը կա, թե չկա, որովհետև, եթե երեք տարում այդ գործիքը չի աշխատել, դա դեռ չի նշանակում, որ անհրաժեշտությունը չկա։ Դա խնդիր չի լուծում։ Գուցե գործիքը պետք է լավարկվի, գուցե պետք է ավելի ինստիտուցիոնալ դարձվի»։
Պատգամավորը կարծում է, որ փոփոխությունն աշխատաշուկան չի պաշտպանի, գործատուների կյանքն էլ չի թեթևացնի։ Փոխնախարարն այս դիտարկմանը համաձայն չէ․
«Եթե մենք նպատակ էինք դրել այս գործիքի միջոցով ապահովելու ներքին աշխատաշուկայի պաշտպանությունը, ըստ էության տեսնում ենք, որ այս գործիքակազմը չի աշխատում։ Մենք տեսնում ենք, որ խնդիրը գործիքակազմը է։ Տարիներ շարունակ աշխատուժն ավելանում է։ Պահանջարկը կա ու փոխկապակցված է կացության կարգավիճակին»։
Կառավարությունը, ըստ էության, կարող է ամեն տարի սահմանաչափ դնել՝ աշխատանքի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու x թվով՝ ասում է փոխնախարարը։ Պատգամավորը, հղում անելով միջազգային պրակտիկային, նշում է՝ քվոտավորումը պետք է լինի ոչ թե քանակով, այլ մասնագիտություններով, երկրներով։ Փոխնախարարն այս դիտարկմանն էլ համամիտ չէ․ հիշեցնում է կառուցվածքային գործազրկության մասին․
«Երբ ունենք բազում գործազուրկներ, որոնք աշխատանք են փնտրում, և ունենք բազում աշխատատեղեր, որոնք չեն համալրվում համապատասխան գործազուրկներով, ինչը նշանակում է, որ պետք է թիրախավորենք որակավորման բարձրացումը»։
Պատգամավորն առաջարկում է թափուր աշխատատեղի դեպքում նախապատվությունը տալ նախ ՀՀ քաղաքացուն, հետո նոր միայն՝ այլ երկրի աշխատուժին։
«Հիմա սա, որ հանեք, թողեք քվոտավորումը, այն էլ ընդհանուր՝ առաց տարանաջատելու ոլորտը, մասնագիտությունը նաև երկիրը, երեք տարի հետո ասելու եք՝ քվոտավորումը չգործեց, եկեք սա էլ հանենք։ Եկեք այս խնդիրը լուծենք»։
Փոխնախարար Արմեն Ղազարյանը շեշտում է՝ նախագիծը կացության կարգավիճակ տրամադրելը թվայնացելուն է վերաբերում։ Իսկ աշխատանքի թույլտվության մասին ասում է․
«Աշխատաշուկայում մրցակցային պայմաններ են։ Մրցակցում են իրենց հմտությամբ ու գիտելիքով։ Այսինքն՝ սրա ճանապարհը ոչ թե վարչական գործիքներով խիստ սահմանափակումներ մտցնելն է, այլ տեղական աշխատաշուկայի որակավորումը բաձրացնելը, ինչի ուղղությամբ կառավարությունը ջանքեր է գործադրում»։
Հայաստանում քվոտավորման համակարգ ի սկզբանե չի եղել, ուստի ներդրվողը դեռ պարզ է, հետագայում կբարդացվի։ Սա՝ որպեսզի աշխատաշուկայի գնահատումից հետո ըստ անհրաժեշտության սահմանափակումներ մտցվեն՝ պաշպանելու աշխատաշուկան։ Նախագծով վերանայվել են նաև կացության կարգավիճակների պետական տուրքերը: