Ինչու է Ռաֆինյան հրաժարվում գործակալներից. բրազիլացու ուղերձը հստակ է — Armsport.am

Ռաֆայել Դիասի՝ նույն ինքը Ռաֆինյայի նվիրվածությունը «Բարսելոնային» վաղուց դուրս է եկել պայմանագրային պարտավորությունների շրջանակից։ «Ատլետիկոյի» դեմ խաղում խփած գոլից հետո ակումբի զինանշանը ցուցադրելը պարզապես ժեստ չէր, այլ այս մարզաշապիկի հանդեպ տածած սիրո և նվիրվածության վառ ապացույց։ Այս մասին գրում է Sport.es-ը։ 

28-ամյա բրազիլացին, ով վերջերս երկարաձգել է պայմանագիրը մինչև 2028 թվականը, մտադրություն չունի փոխել ակումբային գրանցումը։ Ռաֆինյան չի համագործակցում որևէ գործակալի հետ, իսկ նրա հետ կապ հաստատող բոլոր գործակալություններին ուղարկում է նույն հստակ ուղերձը՝ չի ցանկանում, որ իր համար այլ ակումբ փնտրեն։

Գործակալների համար Ռաֆինյան իսկական «կոնֆետ» է։ Ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի՝ 90 մլն եվրո գնահատվող ֆուտբոլիստի տեղափոխությունը կարող էր մուլտիմիլիոնանոց գործարք դառնալ։ Սակայն «Ռաֆան» ցանկանում է մնալ, իսկ «Բարսելոնան» չի դիտարկում նրանից բաժանվելու տարբերակը։

Վնասվածքից հետո բրազիլացին վերադարձավ «փոթորկի» նման։ Նրա ներկայությունը զգացվում է ոչ միայն գոլերով ու գոլային փոխանցումներով, այլև առաջատարի որակներով։

Մինչդեռ 2024-ի ամռանը ամեն ինչ այլ էր։ Չավիի օրոք անկայուն ելույթների ֆոնին ֆուտբոլիստը խոստովանել է, որ մտածում էր հեռանալու մասին՝ ունենալով ֆինանսապես շատ գրավիչ առաջարկներ Սաուդյան Արաբիայից։ Սակայն Հանսի Ֆլիկը կարողացավ համոզել նրան մնալ, ինչին հաջորդեց ֆանտաստիկ մրցաշրջան։

«Բարսելոնան» արագ արձագանքեց՝ երկարաձգելով պայմանագիրը մինչև 2028 թվականը, բարելավելով աշխատավարձը և սահմանելով 1 միլիարդ եվրո հրաժարագին։

Այժմ ֆուտբոլիստի միակ նպատակը պայմանագիրը մինչև վերջ հասցնելն է։ Թեև Կառլո Անչելոտիի գլխավորությամբ Աշխարհի առաջնությանը մասնակցելու հեռանկարը կարող է գրավել եվրոպական գրանդներին կամ արաբական ակումբներին, նրանց սպասում են փակ դռներ։

Ռաֆինյան երջանիկ է Բարսելոնայում։ Նա թիմի ավագներից է, իսկ ընտանիքը լիովին հարմարվել է քաղաքին։ Բոլոր նախադրյալները կան, որ բրազիլացին առնվազն մինչև 2028 թվականը մնա կատալոնական ակումբում։

Leave a Comment