Պաշտպանությունը Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության հիմնական հենասյուներից է: Այս մասին X սոցցանցում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգուս Օլդը։
Դեսպանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի նախագահի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար լորդ Վերնոն Քոուքերի հանդիպման և պաշտպանության ոլորտում հետագա հնարավորությունների քննարկման կապակցությամբ:
«Մեծ Բրիտանիան ողջունում է տարվա ընթացքում ձեռք բերված առաջընթացը և հպարտանում է Ադրբեջանի հետ պաշտպանական համագործակցության աճով», – նշել է դիվանագետը:
Դեկտեմբերի 4-ին Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետական նախարար Վերնոն Քոուքերին:
Քոուքերը շեշտել է երկկողմ կապերը որպես ռազմավարական գործընկերություն զարգացնելու շահագրգռվածությունը։
Նա նաև շնորհավորել է Ադրբեջանի ղեկավարին օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում ձեռք բերված արդյունքների համար։
Իլհամ Ալիևն, իր հերթին, ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դերն այս հարցում։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանը խաղաղության օրակարգի նախաձեռնողն էր», և Ադրբեջանը կշարունակի ջանքերը դրա առաջխաղացման ուղղությամբ։