Հարկային եկամուտները կհասնեն $7 մլրդ-ի. աճը գերազանցում է 2017-ի բյուջեն. վարչապետ – Նորություններ 04.12.2025

Լուսանկարը` primeminister.am

Լուսանկարը` primeminister.am

Բյուջետային տարվա ավարտին մնացել է 25 օր, և Կառավարության կանխատեսումներով՝ 2025 թվականի հարկային մուտքերը կգրանցեն ռեկորդային ցուցանիշ՝ կազմելով շուրջ 7,03 միլիարդ դոլար։

Դեկտեմբերի 4-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ֆինանսական տարվա սպասելիքները՝ նշելով, որ պետական գանձարանը կհավաքագրի մոտ 2,7 տրիլիոն դրամ։ Համեմատության համար գործադիրի ղեկավարը զուգահեռներ անցկացրեց հեղափոխությանը նախորդող վերջին ամբողջական տարվա՝ 2017 թվականի ցուցանիշների հետ։

Եթե 2017-ին փաստացի հարկային եկամուտները կազմել են մոտ 3,02 միլիարդ դոլար (1,158 տրիլիոն դրամ), ապա այս տարվա ցուցանիշները վկայում են թռիչքաձև աճի մասին։

Վարչապետն արձանագրեց ուշագրավ փաստ. միայն այս տարվա բյուջեի ավելացած մասը (2017-ի համեմատ) կազմում է ավելի քան 4 միլիարդ դոլար։ Այսինքն՝ միայն աճը ոչ միայն ծածկում է, այլև ուղիղ 1 միլիարդ դոլարով (384 մլրդ դրամով) գերազանցում է 2017 թվականի պետական բյուջեի ամբողջ եկամտային մասը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս թվերը խորհրդարանական մեծամասնության և Կառավարության կայացրած քաղաքական որոշումների և դրանց հետևողական իրագործման արդյունք են։

Leave a Comment