Ամանորին ընդառաջ, մսի սպառման աճը և անասնահամաճարակային իրավիճակը գնահատելու անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սկսել է ստուգումներ Հայաստանի բոլոր սպանդանոցներում։
Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ հաղորդագրությունը, որտեղ նշվում է, որ ստուգվելու է մսի անվտանգության ապահովման հիմնական գործընթացները։
Հատկապես վերահսկվելու է՝ արդյոք կենդանիները անցնում են նախասպանդային անասնաբուժական զննություն, ապահովված է սանիտարական ճիշտ ախտահանումը, աշխատակիցներն ունեն պարտադիր բժշկական զննում և սանիտարական գրքույկ, իսկ մսեղիքն ու ներքին օրգանները սպանդից հետո անցնում են անասնաբուժասանիտարական փորձաքննություն։ Ստուգվելու է նաև մսի դրոշմակնքման և փոխադրամիջոցի սանիտարական պահանջների պահպանումը։
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ ստուգումների արդյունքները կհրապարակվեն։