Նոր օրակարգ ԵՄ-Հայաստան գործընկերության համար․ Բրյուսելում ռազմավարական փաստաթուղթ է ընդունվել

Դեկտեմբերի 2-ին  ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը համատեղ մամուլի ասուլիսում խոսել են ԵՄ-ից Հայաստանին տրամադրվող աջակցության մասին։

ԵՄ բարձր ներկայացուցիչը վստահեցրել է, որ Հայաստանին միայնակ չեն թողնի և կաջակցեն թե՛ խաղաղության հաստատման ճանապարհին, թե՛ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, թե՛ 2026 թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ապատեղեկատվության դեմ պայքարի գործում։

Նոր ռազմավարական օրակարգ ԵՄ-Հայաստան գործընկերության համար․ Բրյուսելում Հայաստանի ու ԵՄ-ի միջև գործակցության նոր փաստաթուղթ է ընդունվել։ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ մամուլի ասուլիսում ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը փաստեց, որ 2025-ը կարևոր տարի է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար․

«2025 թ. օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություններ ձեռք բերվեցին, և դա շատ  կարևոր էր։ Դրանով ավարտվեց տարիներ շարունակ ձգվող կոնֆլիկտը, և դուք ունեք ԵՄ աջակցությունն այս հարցում։ Եվրամիությունն ամեն ինչ կանի ձեզ աջակցելու համար։ Այսօր ես հայտարարում եմ 15 մլն եվրոյի մասին, որը ուղղվելու է խաղաղություն և ավելի դիմակայուն Հայաստան ունենալու համար։

Մի քանի նախաձեռնություններ են իրականացվելու՝ ականազերծման գծով վերապատրաստում, սարքավորումներ են տրամադրվելու»։

Սա ԵՄ միակ աջակցությունը չէ Հայաստանին։ Կալասը վստահեցրեց, որ աջակցելու են Հայաստանում բարեփոխումների կատարմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիային։ Հատուկ շեշտվեց Հայաստանում 2026 թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ապատեղեկատվության դեմ պայքարին աջակցելու մասին։ Որպես օրինակ նշվեց Մոլդովայում ընտրություններին կիրառված ապատեղեկատվության սցենարները։

Կայա Կալասի խոսքը՝ համաժամանակյա թարգմանությամբ․

«Ռուսաստանը և իր պրոքսիները ապատեղեկատվական արշավներ են անցկացնում Հայաստանում։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք տեսնում ենք նույն ցանցերը, որոնք օգտագործվել են Մոլդովայում, շատ ակտիվորեն աշխատել են Մոլդովայում, այսինքն` սցենարը նույնն է։ Եվրամիության ֆինանսավորումը կօգնի հայտնաբերելու արտասահմանյան ազդեցությունները և արձագանքելու դրանց»։

ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանն ի պատասխան նշեց՝ վստահ է, որ ԵՄ-ի հետ գործակցությունն ավելի կամրապնդի Հայաստանի դիմակայունությունը։ Միրզոյանն ասաց, որ խոսել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ավելի մեծ հնարավորությունների մասին։

«Մենք նաև  քննարկել ենք ակտիվ աշխատանքը TRIPP ծրագրի իրականացման ուղղությամբ։ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի համաձայնությունները աննախադեպ հնարավորություններ են ստեղծել։ Սրա համար լրացուցիչ պոտենցիալ քայլերը, Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը և ենթակառուցվածքային մեծ ծրագրերի իրականացումը կարող են զգալիորեն փոխել ամբողջ տարածաշրջանի տնտեսական և քաղաքական ճարտարապետությունը։ Այս ամենը հիմքեր է ստեղծել մեր այսօրվա նվաճումների համար»։

Եվրամիություն-Հայաստան նոր ռազմավարությունը, ըստ Միրզոյանի, ավելի է բարձրացնում է գործակցության մակարդակը, և դա կողմերի հավակնությունների վերջը չէ։

ՀՀ արտգործնախարարը կարևորեց անվտանգության առումով ԵՄ աջակցությունը և ասաց, որ Բրյուսելում խոսել է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականությանը միանալու մասին։

Ուշադրության առանցքում է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցը։ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոս․

«Մենք նոր ռազմավարության օրակարգ ենք ընդունել, որն արտացոլում է այս հատուկ պահը մեր երկկողմ հարաբերություններում։ Մենք աշխատում ենք միասին առանց վիզաների ճամփորդությունների հնարավորություն տալ Հայաստանին։ Անցյալ ամիս փոխանցել ենք վիզաների ազատականացման շուրջ գործողությունների ծրագիրը։ Ինչո՞ւ է սա կարևոր․ որովհետև շատ հայեր են ապրում եվրոպական երկրներում, և մենք ուզում ենք խրախուսել, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան ավելի սահուն կերպով գալ եվրոպական երկրներ՝ այցելելու իրենց ընտանիքներին և բարեկամներին»։

Բացի այդ՝ ԵՄ–ի համար կարևոր է, որ Արևմուտքը և Արևելքը կապվեն։ Այդ նպատակը իրագործելու համար, ըստ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի, քննարկումներ են ծավալվում Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Եվրոպայի միջև հատուկ քառակողմ խումբ ստեղծելու հարցով։

Leave a Comment