Անվտանգություն ներսից. աշակերտի հայացքը՝ դպրոցի ապագային. «Դպրություն»

Շուրջ 180 աշակերտ՝ մեկ վայրում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն առաջին անգամ կազմակերպեց և անցկացրեց աշակերտական համաժողով՝ «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով: 

Մասնակիցներն ընտրվել էին ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամներից, ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների աշակերտական խորհուրդների անդամներից և ակտիվ հասարակական գործունեություն ծավալող աշակերտներից, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության և ոչ պետական դպրոցների այն աշակերտներից, որոնք ակտիվ մասնակցել են նախարարության տարբեր ծրագրերի:

Աշակերտական համաժողովի նպատակն էր հավաքել դպրոցականների կարծիքները, մտահոգություններն ու առաջարկները՝ կրթական միջավայրում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար։ 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ նմանօրինակ համաժողովի անցկացումը վաղուց հասունացած անհրաժեշտություն էր՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին ձևավորվել է ուսուցչական համաժողովների ավանդույթը, որը դարձել է փորձի փոխանակման և նորարարության խթանման լավագույն հարթակ։

«Մենք, իրականում, նման քննարկման միջավայրերի և հարթակների կարիք ունենք կրթության ամենակարևոր շահառուների՝ ձեզ համար։ Սա ասելիս ամենևին չեմ չափազանցնում, որովհետև հաճախ եմ առիթ ունենում խոսել այն մասին, որ այս տարվանից մեկնարկած սովորողների ընդունելության ժամանակ, ես, որպես նախարար, հաճախ եմ բախվում մի իրավիճակի՝ լսում եմ հարցեր, դիտարկումներ, որոնք որևէ այլ խողովակով, որևէ այլ միջավայրում ես չեմ լսում։ Սա նշանակում է, որ երեխաներին այս գործընթացների մասնակից դարձնելն առանձակի նշանակություն ունի»,- դիմելով սովորողներին՝ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ժաննա Անդրեասյանը կարևորեց նաև, որ համաժողովն անցկացվում է այն ժամանակահատվածում, երբ աշխարհում նշվում է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման օրը։

Համաժողովի ընթացքում անցկացվեցին պանելային քննարկումներ Երևանի և ՀՀ մարզերի դպրոցականների մասնակցությամբ, որը անցկացրեց ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ինչպես նաև պլենար նիստ՝ «Անվտանգ և ապահով կրթական միջավայրով ուսումնական տարի» թեմայով, որը վարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Նա ներկայացրեց կրթական բարեփոխումների երեք հիմնական ուղղությունները՝ ենթակառուցվածքների բարելավում, կրթության բովանդակության որակի բարձրացում և ուսուցիչների մասնագիտական զարգացման հնարավորությունների ընդլայնում։

Համաժողովի ընթացքում անցկացվեց նաև «Անվտանգ և ապահով դպրոց» խորագրով նախագծային աշխատանքների էքսպո-ցուցահանդես, որը ներկայացրել էին մայրաքաղաքի և մարզերի 4-8-րդ դասարանների սովորողները։

Leave a Comment