«Թուրքիան առանցքային գործընկեր է, բայց չեմ կարող Թուրքիային կամ որևէ մեկին ստիպել»․ Մարթա Կոսը՝ սահմանի բացման հարցում Թուրքիային ստիպելու առիթով

«Չեմ կարծում, որ կարող եմ Թուրքիային կամ որևէ մեկին ստիպել ինչ-որ բան անել: Այն, ինչ ես կարող եմ անել, լավ հարաբերություններ ունենալն է այն ոլորտներում, որտեղ ԵՄ-ի և Թուրքիայի համագործակցությունը նաև մեր ռազմավարական շահերից է բխում»,-հարցին՝ ինչպե՞ս կարող եք ստիպել Թուրքիային հայ-թուրքական սահմանի բացման հարցում, Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Փաստելով, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները կանգ են առել 2018-ին, միևնույն ժամանակ հանձնակատարը նշեց․ «Մյուս կողմից, Թուրքիան առանցքային գործընկեր է կապակցվածության օրակարգում: Գիտենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև շատ լավ հարաբերությունների մասին, բայց միևնույն ժամանակ, Թուրքիան նույնպես հասկանում է ձեր սահմանային անցակետերի կարևորությունը: Մենք նրանց հետ քննարկում ենք նաև համագործակցության այս տեսակը»։

Հարցին՝ ԵՄ-ն TRIPP նախաձեռնության շրջանակներում ինչպե՞ս է պատկերացնում իր ներդրումն ու ներգրավվածությունը, Մարթա Կոսը պատասխանեց․ «42 կիլոմետրանոց ճանապարհի հատվածը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև պայմանավորվածություն է։ Մենք նույնպես խոսում ենք ամերիկացիների հետ, որովհետև մեզ համար, և կրկին, ավելի մեծ պատկեր ունենալով, դա ամբողջ կապակցվածությունն է: Խոսքը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ճանապարհի մասին է»։ ԵՄ հանձնակատարը հայտնեց, որ հանդիպել է ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանին, խնդրել ներկայացնել առաջնահերթությունների ցանկը, որոնք ամենակարևորն են Հայաստանի համար․ «Մենք նույնպես ունենք մեր սեփական գաղափարները: Մենք քննարկում ենք նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այս առումով ԱՄՆ-ի համագործակցությունը կամ ներգրավվածությունը շատ ավելի մեծ կարևորություն ունի, քան պարզապես երկաթուղու՝ 42 կիլոմետր կառուցելը»։

Խոսելով ԵՄ-Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգի մասին՝ Մարթա Կոսն ասաց, որ կունենանք ավելի ուժեղ անվտանգային և պաշտպանական համագործակցություն ու աջակցությունը ՀՀ-ին կլինի ոչ միայն տնտեսապես, այլև առաջխաղացման առումով․ «Մեր աճի ծրագիրն է (Growth Plan) ձեր երկրի համար, որտեղ մենք ներդնում ենք մեր գումարները և փորձագետներին տնտեսական զարգացման ոլորտում, ինչպես նաև ձեր ինստիտուտների հզորացման գործում: Եվ, իհարկե, մենք այժմ նաև օգնում ենք ձեր երկրին նախապատրաստվել խորհրդարանական ընտրություններին՝ ապատեղեկատվության դեմ պայքարի կամ կիբերանվտանգության հարցերում աջակցելու առումով։ Եվ, իհարկե, կա տարածաշրջանում ամբողջական կապակցվածության օրակարգը: Երբ ես Տաշքենդում էի, մենք ստորագրեցինք «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագիրը՝ 500 միլիոն եվրո արժողությամբ։ Այս մեծ նախագծերում, հատկապես կապակցվածության ոլորտում, մենք աշխատում ենք միջազգային ֆինանսական կառույցների հետ, և այս դեպքում դա գերմանական KFW բանկն է: Այսպիսով, դա 500 միլիոնանոց ներդրում է ձեր էներգահամակարգը վրացականի հետ միացնելու համար, և մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էներգահամակարգերի վրա, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բրյուսել

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment