ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 1-ին Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում հանդիպել է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Նախարարը ներկայացրել է «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիրը» (TRIPP), որը նպատակ ունի զարգացնել 7 զբոսաշրջային կլաստերներ՝ Գորիս, Արենի, Ջերմուկ, Եղեգիս, Դվին, Գյումրի, Դիլիջան, խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը մարզերում։
Ծրագրի ընդհանուր բյուջեն 120,5 մլն եվրո է։
«Մարզերի զարգացումը Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում է, և TRIPP ծրագիրը հենց այդ ռազմավարության գործնական քայլերից մեկն է», – նշել է Գևորգ Պապոյանը։
Վայոց ձորում նախատեսվող ներդրումները ներառելու են ճանապարհների վերականգնում, առողջարանային, գինու և ագրոտուրիզմի զարգացում, HoReCa ոլորտի ուսուցում, ինչպես նաև թանգարանային, արկածային և մշակութային ենթակառուցվածքների բարելավում։
Նախարարը տեղեկացրել է, որ ձևավորվելու է տեղական աշխատանքային խումբ՝ ծրագրի իրականացմանն աջակցելու համար, նա նաև պատասխանել է մասնակիցների հարցերին և անդրադարձել նրանց առաջարկներին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
