🎥 ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց Շիրակին ընդհատված խաղում՝ ամրապնդելով դիրքերը առաջին հորիզոնականում

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 թթ. մրցաշրջանի 15-րդ տուրի ընդհատված «Արարատ-Արմենիա» — «Շիրակ» խաղում երևանյան ակումբը վստահ հաղթանակ տարավ (4:1)։

Հանդիպումը մեկնարկեց 25-րդ րոպեի 14-րդ վայրկյանից, այն նույն պահից, երբ մրցավարը երեկ դադարեցրել էր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում այս թիմերի միջև ընթացող հանդիպումը՝ մարզադաշտի լուսավորության խափանման պատճառով։

Երեկ մեկնարկած հանդիպման առաջին 25 րոպեների ժամանակ «Արարատ-Արմենիան» վաստակեց 11 մետրանոց, սակայն Խուան Բալանտայի հարվածից հետո գնդակը հետ մղեց «Շիրակի» դարպասապահ Լյովա Կարապետյանը։

Վերսկսված հանդիպման 43-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց գյումրեցիների հարձակվող Լյովա Մրյանը, որի գոլին առաջին խաղակեսի ավելացված 4-րդ րոպեին պատասխանեց Արայիկ Էլոյանը՝ հաշիվը դարձնելով 1:1։

Երկրորդ խաղակեսում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը ևս երեք գոլ խփեց։ Նախ 49-րդ րոպեին աչքի ընկավ Հուգո Օլիվեյրան, ապա 66-րդ րոպեին Արթուր Սերոբյանը, իսկ 90+1-րդ րոպեին Պոլ Այոնգոն ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը։

Հանդիպման տեսագրությունը․

ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment